Նորություններ

Մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է

24.05.2013

Լուսանկարը՝ Երիտասարդական ալիք ՀԿ–ի

Ռադիո Վանի կայքում տեղադրված՝ «Երեխաների բուժումը Հայաստանում դարձել է վճարովի» վերնագրով բլոգային գրառումից հետո համացանցում լուրեր են շրջանառվում, թե անվճար բուժօգնության պետական հավաստագրերն այլևս չեն գործում:

www.hra.am –ն այս հարցով դիմեց ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ճշտելու տարածված տեղեկատվության հավաստիությունը։

Նախարարության մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը հերքեց այդ լուրը. «Պաշտոնապես տեղեկացնում եմ, որ 0-7 տարեկան երեխաների բուժումը Հայաստանում բացառապես անվճար է։ Սահմանված այդ կարգը որևէ մեկը չի կարող փոխել»։

Նա նաև հաղորդեց, որ լրագրողի բարձրաձայնած դեպքի կապակցությամբ (Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում մինչև 7 տարեկան երեխայի կոնսուլատացիայի և բուժման համար գումար էին պահանջել՝ նշելով, որ պետպատվերի համար տրամադրված բյուջեն սպառվել է) ՀՀ առողջապահության նախարարի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնենք։

«Արաբկիր» բժշկական կենտրոնի Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտի ղեկավար Սերգեյ Սարգսյանը նույնպես պնդում է, որ Հայաստանում մինչև 7 տարեկան երեխաներին տրամադրվող բուժօգնությունը անվճար է: «Հնարավոր է ժամանակավոր հերթագրում, երբ պետպատվերով տրամադրված միջոցները սպառվում են, սակայն այդ դեպքում ևս բուժօգնությունն անվճար է։ Իսկ եթե անհետաձգելի բուժօգնություն է հարկավոր, տրամադրվում է անմիջապես՝առանց հերթագրման»,– ասում է Սարգսյանը:

Հեղինակը՝ Շողինե Սողոմոնյան

Աղբյուրը՝ www.hra.am