Նորություններ

Երեխաների պաշտպանությունը սկսվում է ծնողական խնամքի կարոտ երեխաներից

01.06.2013

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, հունիսի 1-ի կապակցությամբ շնորհավորելով բոլոր երեխաներին և մաղթելով նրանց անհոգ մանկություն, նշել է, որ երեխաների պաշտպանությունը սկսվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներից։

Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պաշտպանված են մեր երեխաների իրավունքները, պաշտպանը նկատել է, որ թեև լիազոր մարմինները որոշակի քայլեր ձեռնարկում են բարելավելու այս ոլորտը, սակայն այդ քայլերը հաճախ բավարար և արդյունավետ չեն լինում:

Երեխայի իրավունքների պաշտպանության համակարգում առկա խնդիրներից ամենամեծը, ըստ Կարեն Անդրեասյանի, այդ համակարգի անկատարությունն է:

«Սկսած Խնամակալության և հոգաբարձության մարմիններից, որոնք համայնքային մակարդակում երեխաների կյանքի համար կարևորագույն որոշումներ են կայացնում, հաճախ ոչ մասնագիտական մոտեցումներ դրսևորելով, մինչև Երեխաների պաշտպանության ազգային հանձնաժողով, որի գործունեության արդյունավետությունը ևս մեծ հարցականի տակ է այսօր դրվում»,– նշել է նա՝ հավելելով, որ անհրաժեշտ է երեխաների պաշտպանությանն անդրադառնալ ոչ միայն հունիսի 1-ին, այլ առկա խնդիրները մշտապես պահել ուշադրության կենտրոնում:

Աղբյուրը՝ www.hra.am