Նորություններ

Պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը

05.06.2013

Պոչամբար Կապանի մոտ, Photo by Ecolur

1972 թվականին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան հունիսի 5-ը հռչակեց Շրջակա միջավայրի համաշխարհային օր։ Այդ օրը Հայաստանում նշվում է նաև որպես բնապահպանի՝ էկոլոգի օր:

Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը և «Էկոլուր» ՀԿ նախագահ Ինգա Զառաֆյանը, հունիսի 5-ին հրավիրած ասուլիսում նշեցին, որ Հայաստանում առաջնայինը արտադրական թափոններն են և բնական ռեսուրսների անխնա օգտագործումը, որոնք հանգեցնում են լուրջ էկոլոգիական խնդիրների՝ անդրադառնալով մարդկանց առողջության վրա։

«Այս մեկ շաբաթը հայտարարվել է բնապահպանության շաբաթ, սակայն, ինչպես նշեց բնապահպանության նախարարը, այս մեկ շաբաթով մենք չենք ապահովի մեր առողջ շրջակա միջավայրը»,– նշում է Ինգա Զառաֆյանը։

Նրա խոսքերով՝ Հայաստանի բնապահպանական խնդիրների շարքում առանձնանում է  արտադրական թափոնների խնդիրը։ «Խոսքը հանքարդյունաբերության արդյունքում առաջացած թափոնների մասին է, որոնք տոքսիկ են և մեծ վտանգ են ներակայացնում շրջակա միջավայրի համար: Մենք ունենք 450-ից ավել շահագործվող հանք և 19 պոչամբար, մենք ունենք միլիոններով կուտակված թափոններ պոչամբարներում, որոնք անվերահսկելի վիճակում են, կարելի է ասել։ Դա լուրջ վտանգ է ներկայացնում շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար»,– մտահոգություն է հայտնում բնապահպանը:

Զառաֆյանի խոսքերով՝ լուրջ խնդիր կա նաև բնական ռեսուրսների անխնա օգտագործման առումով։ Հայաստանում 320 փոքր ՀԷԿ պետք է կառուցվի, 150–ն արդեն կառուցման ընթացքի մեջ են:

«Ամեն ՀԷԿ-ի տեր կամ տերեր ամբողջ գետը վերցնում են խողովակների մեջ ու գետից ոչինչ չի մնում: Մենք ոչինչ չենք թողնում մեր հաջորդ սերունդներին, օգտագործում ենք ամեն ինչ՝ այս պահին և միանգամից»,– վրդովված ասում է «Էկոլուրի» նախագահը։

Հակոբ  Սանասարյանն էլ նշում է, որ պետությունը չի ապահովում մարդկանց՝ առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքը։ «Սա շատ դեպքերում լուրջ առողջական խնդիրներ է առաջանում։ Երևանի օնկոլոգիական կենտրոնները լիքն են հիվանդներով, որոնցից շատերը մարզերից են գալիս Երևան»,– ահազանգ է հնչեցնում Կանաչների միության նախագահը։

Սանասարյանը վստահ է, որ հունիսի 5-ը՝ Շրջակա միջավայրի միջազգային օրը կանցնի և բոլորը նորից կմոռանան բնապահպանական խնդիրների մասին, իսկ հանքերի շահագործումն ու վտանգավոր թափոնների արտանետումը կշարունակվի նույն տեմպով։

Հեղինակը՝ Մարիամ Սարգսյան 

Աղբյուրը՝ www.hra.am