Նորություններ

Էլեկտրոնային ԶԼՄ–ներն ընդդեմ հեղինակային իրավունքի խախտումների

21.06.2013

Տպագիր լրատվամիջոցների խմբագիրների կողմից հեղինակային իրավունքի խախտումների դեմ տարածած հայտարարությունից հետո նմանատիպ հայտարարությամբ են հանդես եկել նաև էլեկտրոնային լրատվամիջոցների խմբագիրները։ Նրանք սահմանել են համագործակցության կանոններ՝ պայքարելու լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտի և հեղինակային իրավունքի կոպիտ խախտումների դեմ։

Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

«Մենք՝ էլեկտրոնային լրատվամիջոցների ներքոստորագրյալ խմբագիրներս, հաշվի առնելով լրատվական դաշտում առկա անբարեխիղճ մթնոլորտը, անհրաժեշտ ենք համարում հանդես գալ միասնական հայտարարությամբ՝ սահմանելով միմյանց հետ համագործակցության հստակ կանոններ:

Այս հայտարարությունն ընդունելու անհրաժեշտությունն առաջացել է դաշտում առկա հեղինակային իրավունքների կոպիտ խախտումների կրկնվող դեպքերի պատճառով, երբ լրագրողի տքնաջան աշխատանքը րոպեներ անց դառնում է գրեթե բոլոր լրատվամիջոցների «սեփականությունը»՝ հաճախ նույնիսկ առանց պատշաճ հղումների:

Հաշվի առնելով այս վարակիչ արատավորությունը` հարկ ենք համարում սահմանել էլեկտրոնային լրատվամիջոցների միջև փոխգործակցության որոշակի կանոններ:

1. Ցանկացած կայքից որևէ նյութ արտատպելիս պարտադիր պետք է նյութի վերնագրում կամ առաջին նախադասության առաջին մասում գրել կայքի անունը՝ լատինատառ տարբերակով՝ հիպերհղումով:

2. Չպետք է հրապարակված նյութի ամբողջ բովանդակությունը նույնությամբ տեղադրել, որպեսզի ընթերցողն անհրաժեշտություն զգա օգտվելու նյութի սկզբնաղբյուրից:

3. Պարտադիր պետք է վերարտադրված նյութի առաջին պարբերությունում դնել սկզբնաղբյուր հանդիսացող լուրի հիպերհղումը, իսկ վերջում հավելել՝ նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում:

4. Կայքերում տեղադրված տեսանյութերը վերարտադրելիս կրկին պետք է սկզբում դնել սկզբնաղբյուրի հիպերհղումը:

5. Կայքերում տեղադրված լուսանկարների վերարտադրման դեպքում թույլատրվում է օգտագործել առավելագույնը 3 լուսանկար՝ կրկին ակտիվ հղումով: Ոչ մի դեպքում չի կարելի լուսանկարի վրա տեղադրված լոգոն հեռացնել՝ բացառությամբ մի դեպքի. եթե լուսանկարը օգտագործվում է դեմատիվատորների համար: Այս դեպքում ցանկալի է հեռացնել լոգոն:

6. Եթե էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված են հեղինակային նյութեր, ապա դրանց վերարտադրման դեպքում պարտադիր պետք է նշել նաև հեղինակի անունը:

7. Օտարալեզու լրատվամիջոցներից կատարված թարգմանությունները ևս համարվում են հեղինակային նյութեր, որոնք մեջբերելիս պետք է պատշաճ հղում տեղադրել:

8. Եթե էլեկտրոնային լրատվամիջոցներում արդեն հրապարակված նյութերից մեջբերումներ են արվում այլ հոդվածների մեջ, պարտադիր պետք է նշել, թե որ սկզբնաղբյուրից են օգտվել:

9. Հայտարարությանը միացած լրատվամիջոցները պարտավորվում են չարատավորել միմյանց բարի համբավը և չգործել իրար դեմ: Իսկ այն լրատվամիջոցները, ովքեր կխախտեն վերը նշված կանոնները, ստորագրությանը միացած լրատվամիջոցների ղեկավարների անունից կստանան նախազգուշական նամակներ՝ սխալը կամ վրիպումը շտկելու համար: 3 անգամ նախազգուշական նամակներ ուղարկելուց հետո դրանք կարվեն հրապարակային եղանակով»:

www.aravot.am խմբագիր Աննա Իսրայելյան

www.armlur.am խմբագիր Թագուհի Թովմասյան

www.armversion.am խմբագիր Ռուզան Ավոյան

www.asekose.am խմբագիր Արամ Հարությունյան

www.galatv.am խմբագիր Արմենուհի Վարդանյան

www.haynews.am խմբագիր Անուշ Խեչոյան

www.irates.am խմբագիր Լիլի Մարտոյան

www.panorama.am խմբագիր Անահիտ Ոսկանյան

www.report.am խմբագիր Աբել Միքայելյան

www.shamshyan.com խմբագիր Գագիկ Շամշյան

www.tert.am խմբագիր Գևորգ Սահակյան

www.times.am խմբագիր Հրանտ Մելիք Շահնազարյան

www.yerkir.am խմբագիր Սևակ Հակոբյան

www.168 ժամ խմբագիր Սաթիկ Սեյրանյան

www. 1lur.am խմբագիր Վանիկ Էլիզբարյան

Աղբյուրը՝ www.hra.am