Նորություններ

ՀԿ–ները խոշտանգումների կանխարգելմանն ուղղված առաջարկություններ են անում

26.06.2013

Հունիսի 26-ը ՄԱԿ-ի կողմից հռաչակվել է որպես Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օր, որը նշվում է 1997 թվականից։

Այսօր Խոշտանգումների զոհերի աջակցության միջազգային օրվա առթիվ Քաղաքացիական հասարակության ինստիտուտն «Ընդդեմ իրավական կամայականություններ» ՀԿ հետ համատեղ կազմակերպել էին «Հայաստանն առանց խոշտանգումների» կարգախոսով քայլերթ և պիկետ։

Ակցիայի ընթացքում խոշտանգումների կանխարգելմանն ուղղված մի շարք առաջարկություններով նամակներ հանձնվեցին շահագրգիռ պետական մարմիններին՝ ՀՀ ոստիկանությանը, Գլխավոր դատախազությանը, Վճռաբեկ դատարանին և Հատուկ քննչական ծառայությանը։ Առաջարկությունները փոստով կուղարկվեն նաև ՀՀ արդարադատության նախարարությանը և Ազգային ժողովին։

Ակցիայի մասնակիցները կրում էին պաստառներ տարբեր կարգախոսներով՝ «Ծեծող ոստիկանը տկարամիտ է և մսագործ», «Հանցագործությամբ հանցագործություն մի՛ բացահայտեք», «Խոշտանգման զոհերը դեռ սպասում են արդարադատության» և այլն, ինչպես նաև՝ ոստիկանության բաժնում խոշտանգման զոհ դարձած Լևոն Գուլյանի և Վահան Խալաֆյանի մասին հիշատակող պաստառներ։

ՀՀ ոստիկանության շենքի մոտակայքում ակցիայի մասնակիցներին դիմավորեց ոստիկանների խումբ։ Ոստիկանության Կենտրոն բաժնի պետի տեղակալ ներկայացած Գևորգյանը հայտնեց, որ «ոստիկանության շենքը ռեժիմային օբյեկտ է», և չի կարելի շենքի դիմացը կանգնել, փոխարենը ցուցարարները կարող են իրենց ակցիան հակառակ մայթին անել։

«Խնդրում եմ ասացեք, թե ո՞ր օրենքի ո՞ր կետով է սահմանված, որ մենք չենք կարող փողոցն անցնել և 20 հոգով խաղաղ հավաք անել ոստիկանության շենքի մոտ, այն դեպքում, երբ մենք ոչինչ չենք վանկարկում և ոստիկանության աշխատանքը խոչընդոտելու խնդիր չի լինի, փողոցը չենք փակում, այլոց ազատ տեղաշարժվելու իրավունքը չենք սահմանափակում»,–  հարցրեց ակցիայի մասնակից, Քաղաքացիական հասարակության ինստիտուտի ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանը։

«Մենք օրենքներին հղում չենք անում, մենք էդքան ժամանակ չունենք ամեն օրենքին հղում անենք։ Դուք կարաք դիմեք ոստիկանության լրատվական վարչություն, ձեզ լրիվ հարցերի պատասխանները կտան»,– ի պատասխան ասաց ոստիկանության ծառայողը։

Կազմակերպությունների ներկայացուցիչները ոստիկանների ուղեկցությամբ նամակը հանձնեցին Ոստիկանության համապատասխան աշխատակցին, որից հետո քայլերթը շարունակվեց։

Հաջորդ պիկետը կազմակերպվեց Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, որտեղ ժամը 12։00–ին մեկնարկեց ոստիկանության բաժնում Ռոբերտ Հովսեփյանի նկատմամբ բռնություններ կիրառելու և պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքով երկու օպերլիազորների դեմ հարուցված քրեական գործով դատական նիստը։

«Այն, որ ոստիկանության համակարգում կա խոշտանգում, չի բացառում նաև ՀՀ ոստիկանապետը։ Նա անցած տարվա դեկտեմբերին ոստիկանությունում հրավիրված նիստի ժամանակ հայտարարել է, որ ծեծով ու ջարդով բացահայտումներ պետք չեն, որ ծեծող ոստիկանը «անխելք է, տկարամիտ և մսագործ»։ Մենք ուզում ենք հավատալ, որ ոստիկանապետի հայտարարությունները լոկ հայտարարություններ չեն, և նա կանի ամեն ինչ խոշտանգումները ոստիկանության համակարգում բացառելու համար»,– լրագրողների հետ զրույցում նշեց ՔՀԻ ներկայացուցիչ Մերի Ալեքսանյանը՝ հավելելով, որ խոշտանգումների վերացմանն են ուղղված նաև իրենք կողմից արված առաջարկությունները։

Քաղաքացիական հասարակության ինստիտուտը և Ընդդեմ իրավական կամայականությունների ՀԿ–ն մշտապես իրենց ուշադրության կենտրոնում են պահել խոշտանգումների կանխարգելման խնդիրը և պատրաստ են իրենց փորձագիտական ներուժով օժանդակել, որպեսզի այդ երևույթի դեմ պայքարն ավելի արդյունավետ լինի, ասում էին ակցիայի կազմակերպիչները։

ՔՀԻ հաղորդակցության գծով ղեկավար Զառա Ամատունու խոսքերով՝ շահագրգիռ պետական կառույցներին ներկայացված առաջարկությունները ներառում են ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ փոփոխություններ օրենքի կիրառման ոլորտում։

Դրանցից են, օրինակ «խոշտանգում» եզրույթի փոփոխությունը և համապատասխանեցումը «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի և պատժի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային, որին Հայաստանը միացել է 1993թ.-ին։

Մինչ օրս ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածը, որը սահմանում է խոշտանգումը, չի համապատասխանեցվել ՄԱԿ–ի Խոշտանգումների կոնվենցիային։
Դա է պատճառներից մեկը, որ ոստիկանության բաժիններում խոստովանական ցուցմունքների ձեռքբերման համար կիրառվող ծեծը և բռնությունը չեն որակվում խոշտանգում։

ՔՀԻ–ն հարցում է ուղարկել Հատուկ քննչական ծառայություն և պարզվում է, որ 2010թ–ից 2012թթ. ընթացքում ՀՀ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածով՝ խոշտանգումներով քրեական գործեր չեն քննվել ՀՔԾ վարույթում։

Ոստիկանների կողմից դաժան վերաբերմունքի, բռնության դեպքերը որակվում են ՀՀ քրեական օրենսգրքի 308–րդ և 309-րդ հոդվածներով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պաշտոնեական լիազորությունների անցում): 2012թ–ին ՀՔԾ-ն այս հոդվածներով նախապատրաստել է 43 նյութ, որից միայն 2–ի դեպքում է հարուցվել քրեական գործ, որից մեկի վարույթը կարճվել է, միայն 1-ն է հասել դատարան։

Կազմակերպությունների այլ առաջարկություններից են՝ ոստիկանների մասնագիտական վերապատրաստումը և որակավորման քննությունների պարբերական անցկացումը, դատարաններում խոշտանգումների մասին ցանկացած հայտարարության վերաբերյալ ՀՔԾ հաղորդում ուղարկելը և քրեական գործ հարուցելը, և նման ձևով ձեռք բերված տեղեկատվությունը որպես ապացույց չօգտագործելը, քանի դեռ քննությամբ չի ապացուցվել խոշտանգումների բացակայությունը:

Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախաձեռնությամբ այսօր ժամը 18։30–ին ֆլեշ մոբ ակցիա կկազմակերպվի Հյուսիսային պողոտայում, որը նույնպես նվիրված է խոշտանգումների զոհերի աջակցության օրվան։

Աղբյուրը՝ www.hra.am