Նորություններ

Պաշտպանը չի պայքարի խոշտանգումների դեմ, եթե չլինի պետական ֆինանսավորում

04.07.2013

Photo by news.am

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը և Հայաստանում Միացյալ թագավորության դեսպան Քեթրին Լիչն այսօր՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ կատարած այցից հետո հանդիպել են լրագրողների հետ՝ ներկայացնելու իրենց տպավորությունները և պաշտպանի միջանկյալ զեկույցը խոշտանգումների և այլ անմարդկային վերաբերմունքի կանխարգելման վերաբերյալ։

2013 թվականին ՄԻՊ աշխատակազմին կից գործող Խոշտանգումների կանխարգելման խորհուրդը, որի կազմում են տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ թվում՝ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը, 133 այց են իրականացրել տարբեր փակ և կիսափակ հաստատություններ՝ արդյունքներն արձանագրելով միջանկյալ զեկույցում։

Ըստ պաշտպանի՝ ամենամեծ խնդիրը, որ քրեակատարողական հիմնարկներում կա և շարունակում է չլուծված մնալ տարիներ շարունակ, գերբնակեցումն է։

«Մենք այսօր մի տեղ էինք, որտեղ 16 հոգով մնում են 12 հոգանոց խցում, և մեր այցելության ժամանակ կային կալանավորներ, որոնք քնած էին և չհանդիպեցին մեզ, որովհետև քնելու հերթը հազիվ իրենց էր հասել։ Եվ նույնիսկ ամենածայրահեղ հանցագործներն արժանի չեն նման անմարդկային պայմաններում ապրելու»,– նշեց Կարեն Անդրեասյանը՝ հավելելով, որ սահմանափակվում է նման պայմաններում պահվող կալանավորների՝ 1 ժամ զբոսնելու իրավունքը, և այս ամենը ինքը որակում է որպես խոշտանգում։

Դեսպանն իր նկատած խնդիրների մասին խոսելիս առաջինը նշեց «Նուբարաշեն» ՔԿՀ շենքային, իր խոսքերով, «թշվառ» պայմանները։

«Ես տեղյակ եմ, նոր կալանավայր պիտի կառուցվի, բայց, ամեն դեպքում, այդ մարդիկ դեռ այս շենքում են և այնտեղ քայլելու, շարժվելու տեղ գրեթե չկա, և նրանք դեռ դատապարտված չեն, այլ ընդամենը՝ կալանավորված»,– նկատեց Քեթրին Լիչը՝ որպես խնդրի լուծման միջոց առաջարկելով այլընտրանքային խափանման միջոցների կիրառումը, իսկ դատապարտված անձանց համար՝ այլընտրանքային պատիժների կիրառումն ու պրոբացիան։

«Ինչպես նախարարներից մեկն էր ասել՝ բանտը թանկ միջոց է վատ մարդուն դարձնելու ավելի վատը... Միայն նրանք պետք է ազատազրկվեն, ովքեր վտանգավոր են կամ մեծ է փախչելու հավանականությունը»,– կարծում է դեսպանը։

Պաշտպանը լրագրողներին փոխանցեց ցմահ դատապարտյալ Ստեփանի հաղորդագրությունը, ով ազատազրկված է արդեն երկար տարիներ. «Նա խնդրեց բոլոր ազատազրկվածների անունից փոխանցել, որ այսպես այլևս չի կարող շարունակվել և կպայթի մի օր»։

Կպայթի, որովհետև, ըստ պաշտպանի, կան վատ պահման պայմաններ, վատ ու անարդար դատարաններ, պատժի վերանայման անկատար համակարգ, անտարբերություն։

Քրեակատարողական հիմնարկներում ինքնավնասման ու ինքնախեղման դեպքերը Կարեն Անդրեասյանը նույնպես համարում է «վատ դատարանների կողմից կայացրած վճիռների արդյունք»։

«Երբ զրուցում ես դատապարտյալների հետ, նրանք բողոքում են ոչ թե քրեակատարողական հիմնարկից, այլ անարդար դատական վճիռներից։ ...Անարդարության զգացումը և ինքնախեղումը, կարծում եմ, վատ դատական համակարգի արդյունք է»,– ասում է նա։

Պաշտպանը հիշեցրեց, որ դեռևս 2013թ. պետբյուջեի քննարկումների ժամանակ ինքը ՀՀ կառավարությունից խնդրում էր 11 միլիոն դրամ Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության համար, որպեսզի հնարավորություն ունենան ավելի հաճախակի այցելելու փակ և կիսափակ հաստատություններ։ Սակայն կառավարությունը մերժեց, և այդ գործառույթը հնարավոր եղավ իրականացնել Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։

www.hra.am-ի հարցին, թե արդյո՞ք ֆինանսավորում չհատկացնելը խոսում է այն մասին, որ իրականում պետությունը կամք չունի պայքարելու խոշտանգումների դեմ, Կարեն Անդրեասյանը պատասխանեց, որ չի կարող ասել, թե պետությունը չի ուզում, որ լավ պայմաններ լինեն և միտումնավոր գումար չի հատկացնում բանտեր այցելելու համար, պարզապես պետության բյուջեն սահմանափակ է, իսկ Կառավարության առաջնահերթություններն՝ այլ։

«Ես բազմիցս ասել եմ, որ եթե լինի բյուջեի ճիշտ կառավարում և բաշխում, եթե գումարները խնայողաբար ծախսվեն, հավատացե՛ք, այդ գումարը կհայթայթվի։ Այդ 10-15 միլիոն դրամն այնքա՜ն չնչին գումար է՝ համեմատ այլ պետական ծախսերի հետ»,– նշեց պաշտպանը։

Նա արդեն հայտարարել է, որ այլևս դրամաշնորհներով չի պայքարելու խոշտանգումների դեմ։ 2013թ սկզբին Խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմն աշխատել է բրիտանական դեսպանատան և գործընկեր կազմակերպությունների միջոցներով, իսկ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կաշխատի ՄԻՊ բյուջեի խնայողությունների հաշվին։

«Միգուցե սա հնչի շանտաժ, բայց եթե չլինի ֆինանսավորում, ես 2014թ հունվարի 1-ից չեմ կատարի օրենքով ինձ վրա դրված պարտականությունը»,– հայտարարեց Կարեն Անդրեասյանը։

2013 թվականի միջանկյալ զեկույցում բարձրացվել են մի շարք խնդիրներ, որոնք առկա են կալանավայրերում, ոստիկանության ստորաբաժանումներում և ձերբակալված անձանց պահման վայրերում, ՀՀ ՊՆ զորամասերում, հատուկ դպրոցներում, գիշերօթիկ հաստատություններում, մանկատներում, ինչպես նաև հոգեբուժական հիմնարկներում և սոցիալական խնամքի հաստատություններում:

Զեկույցում նշված խնդիրների մասին ավելի մանրամասն՝

Քրեակատարողական հիմնարկներում առկա խնդիրներ

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am