Նորություններ

Խախտվում է երեխաների՝ անվճար բուժօգնություն ստանալու իրավունքը. ՄԻՊ

29.07.2013

Մինչև 7 տարեկան երեխաների անվճար բուժօգնություն ստանալու իրավունքի ոտնահարման հարցը առողջապահական համակարգի կարևորագույն խնդիրներից մեկն է և այդ մասին բազմիցս բարձրաձայնվել է:

Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում կրկին բարձրաձայնում է Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի բացթողումների մասին: Համաձայն ծրագրի՝ մինչև 7 տարեկան երեխաների բուժօգնությունն անվճար է, մինչդեռ, ծնողները, ունենալով անվճար բուժօգնության իրավունքը հաստատող հավաստագիրը, հաճախ ստիպված են լինում հավելյալ վճարումներ կատարել առանձին բժիշկների:

Այս մասին պաշտպանը բարձրաձայնել էր նաև նախորդ տարեկան զեկույցում։ Անցել է շուրջ մեկ տարի, սակայն, ըստ ՄԻՊ հայտարարության, դրական առաջընթաց չի արձանագրվել։

«Պաշտպանի աշխատակազմը շարունակում է դիմում-բողոքներ ստանալ նմանատիպ խախտումների վերաբերյալ, հատկապես՝ «Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ-ի դեմ: Այս մասին Պաշտպանը պաշտոնապես տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարին, սակայն, որևէ հստակ պատասխան չի ստացել, թե արդյո՞ք իրավախախտները ենթարկվել են պատասխանատվության, թե ոչ: Այսպիսով, «Առողջապահության նախարարության թողտվության պայմաններում ծնողներից հավելյալ վճարումներ են գանձվում»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ:

Պաշտպանը նաև կոչ է անում քաղաքացիներին նման խնդրի հանդիպելիս դիմել իրեն, իսկ Առողջապահության նախարարությանը հորդորում է իրագործել «Երեխայի առողջության պետական հավաստագրի ծրագրի ներդրման մասին» հրամանի դրույթներն ու լիարժեք ապահովել երեխաների անվճար բուժօգնության իրավունքը:

Աղբյուրը՝ www.hra.am