Նորություններ

Ակտիվիստներին ծեծի ենթարկողները խոստովանական ցուցմունք են տվել

17.09.2013

ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է օգոստոսի 25-ին Երևանի Գ.Լուսավորիչ փողոցում քաղաքացիական ակտիվիստներ Միհրան Մարգարյանին և Բաբկեն Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկողներից երկուսին։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ոստիկանության Կենտրոնականի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ սեպտեմբերի 14-ին պարզվել է, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի են ենթարկել և վնասվածքներ պատճառել Երևանի բնակիչներ՝ 1988 թ. ծնված Ս. Բաբայանը և 1974 թ. ծնված Ս. Փուրտոյանը, որոնք ներկայացվել են բաժին ու տվել խոստովանական ցուցմունքներ: Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ Մ. Մարգարյանին և Բ. Տեր-Գրիգորյանին ծեծի ենթարկելու միջադեպի առթիվ քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 118 հոդվածով (ծեծը)։

Ոստիկանության Կենտրոնականի քննչական բաժնում սեպտեմբերի 13-ին քրեական գործ է հարուցվել նաև Սուրեն Սաղաթելյանի և Հայկակ Արշամյանի հետ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ (ՀՀ ՔՕ 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով և 118 հոդվածով), կատարվում է նախաքննություն:

Նույն օրը՝ սեպտեմբերի 13-ին Քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել նաև Մաշտոցի պողոտայում ծեծի ենթարկված ակտիվիստ Արման Ալեքսանյանի գործով։ Նախաքննությունը շարունակվում է:

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի է ունեցել բողոքի տարբեր ակցիաներին մասնակցող կամ սատարող ակտիվիստներին ծեծի ենթարկելու 5 դեպք: Մի շարք հասարակական կազմակերպություններ բաց նամակներ և հայտարարություններ տարածեցին՝ իրավապահ մարմիններից պահանջելով ավելի արդյունավետ և հրապարակային գործել՝ ապահովելով քաղաքացիների անվտանգությունը:

Աղբյուրը՝ www.hra.am