Նորություններ

«Խոտի դեզի» գործով վճիռ. ազատվեցին համաներմամբ (լուսանկարներ)

15.10.2013

Photo by hra.am

Հոկտեմբերի 15-ին ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (նախագահող դատավոր՝ Վահե Խալաթյան) հրապարակեց «խոտի դեզի» գործով դատավճիռը։

Դատարանը Արամ Մուղալյանին, Ռոբերտ Փիլոյանին, Գագիկ Առաքելյանին և Արթուր Քլյանին մեղավոր ճանաչեց նրանց առաջադրված բոլոր հոդվածներով՝ Մուղալյանին և Փիլոյանին դատապարտելով ազատազրկման 2,5 տարի ժամկետով, իսկ Առաքելյանին և Քլյանին՝ 1 տարի, 1 ամիս ժամկետով։ Նրանց բոլորի նկատմամբ կիրառելով անկախության 22-ամյակի առթիվ համաներում հայտարարելու մասին որոշումը՝ դատարանը նրանց ազատեց պատժի կրումից և դատարանի դահլիճից բաց թողեց։

Արամ Մուղալյանը, 6 ամիս անազատությունից հետո, լրագրողների հետ զրույցում ասել է, որ դժգոհ է դատավճռից և պայքարելու է մինչև վերջ՝ արդարացման որոշման հասնելու համար. «Ոնց որ անմեղ մարդու բռնեն, բերեն, փակեն կես տարի, հետո ասեն՝ «լավ, համաներում կա, դուրս արի, մի բան էլ շնորհակալ եղիր, որ շուտ ենք թողնում»։ Էդ տարբերակն է հիմա»։

Նրա կարծիքով՝ եթե համաներումը չլիներ, հավանաբար պատիժը պայմանականորեն չէին կիրառի, քանի որ բարձրացած աղմուկից հետո չէին կարող ազատազրկել նման աբսուրդ գործով։

«Ես գիտեի, որ էսպես է լինելու, որովհետև անհիմն ձևով, շատ անսպասելի ձերբակալեցին. իրենք էլ չգիտեին, որ պիտի ձերբակալեն, վերևից ասեցին, ձերբակալեցին։ Հետո պիտի՞ վկաների ցուցմունքները փոխեին, որ կեղծ մեղադրանքներ առաջադրեին, չէ՞, սկսեցին դա անել։ Հետո կեղծ մեղադրանքներով եկան դատարան ու դատեցին, որ ջրից չոր դուրս գան, որովհետև բոլոր լրատվամիջոցները նկարահանում են, պատկերացնո՞ւմ եք՝ չորս հոգու արդարացնեն, քանի հոգու վրա «ЧП» կլինի, քանի հոգի պետք է գործից դուրս գա, նկատողություն ստանա, շատ մեծ հարված կլիներ համակարգին, դրա համար համակարգն իր դեմ դուրս չի գա»,– կատարվածը վերլուծելով՝ ասում է Մուղալյանը։

Առաջիկա քայլերը նա դեռ պետք է քննարկի պաշտպանի հետ, ուստի առայժմ չխոսեց դրանց մասին։ Իսկ պատասխանելով այն հարցին, թե «ինչո՞ւ այս գործը նրանց գլխին սարքվեց», նա հիշեց քննիչի խոսքերը. «Որովհետև ինչպես քննիչն ասեց, էս չբացահայտված գործերը հո մեր վրա չե՞ն մնալու»։

Ռոբերտ Փիլոյանի մայրը՝ Մարինա Հակոբյանը, դատավճիռն անարդար է համարում. «Մեր երեխաները ոչինչ չեն արել ու 6 ամիս իրենց անիմաստ պահելը ու նման դատավճիռ կայացնելը... Ճիշտ է, դատավորը երևի ազատ չէր դատավճիռ կայացնելիս, մենք իր դեմ ոչինչ չունենք, բայց ամբողջը վերահսկող դատախազի ձեռքի գործն է»,– լրագրողներին ասել է նա։

Գագիկ Առաքելյանին նույնպես դատավճիռը չի բավարարում։ «Ինձ պետք չէր, որ ինձ համաներմամբ դուրս թողնեին, ինձ պետք էր, որ արդարացնեին։ Մտածում եմ, որ մյուս ատյանները կարդարացնեն, եթե չարդարացնեն, դիմելու եմ եվրադատարան»,– ասել է Առաքելյանը։ Ոստիկանության բաժնում իր նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգումների մասին հարցին նա չցանկացավ պատասխանել։

Հիշեցնենք, որ Արամ Մուղալյանը, Ռոբերտ Փիլոյանը և Գագիկ Առաքելյանը մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն) և 3-րդ մասի 1-ին կետով և 34-185 հոդվածների 2-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու փորձը), իսկ Արթուր Քլյանը՝ միայն 258 հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով։

Ըստ մեղադրանքի՝ տղաները չորս տարբեր օրերի մեքենայով գնացել են Արմավիրի մարզի Նորապատ գյուղ և փորձել հրդեհել Սիաբանդ Խուդոյանին պատկանող 1.440.000 դրամ արժողությամբ խոտի դեզը՝ նրան պատճառելով 36.000 դրամի նյութական վնաս։

Մեղադրողը հոկտեմբերի 14-ին կայացած դատական նիստի ժամանակ պահանջեց Արամ Մուղալյանին և Ռոբերտ Փիլոյանին մեղավոր ճանաչել նշված հոդվածներով և նշանակել պատիժ 3 տարվա ազատազրկում և 70.000-ական դրամ տուգանք, իսկ Գագիկ Առաքելյանի և Արթուր Քլյանի նկատմամբ նշանակել պատիժ՝ 1,5 տարի ազատազրկում և 50.000 դրամ տուգանք։

Գործում առկա են բազմաթիվ հակասություններ և նախաքննական կեղծիքներ, որոնց մասին բարձրաձայնել են պաշտպանները, սակայն դատարանը ուշադրություն չդարձրեց նրանց վկայակոչած փաստերին և մերժեց նոր փորձաքննություններ նշանակելու միջնորդությունները։

Լուսանկարները՝ www.hra.am -ի

Դատավոր Վահե Խալաթյանը

Արամ Մուղալյանը

Ռոբերտ Փիլոյանը և մայրը՝ Մարինա Հակոբյանը

Գագիկ Առաքելյանը

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան
Աղբյուրը՝ www.hra.am