Նորություններ

Ուսումնասիրվել է Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ռիսկայնության աստիճանը

30.10.2013

Photo by hetq.am

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար։

Այս եզրակացությունն արվել է ԵԱՀԿ աջակցությամբ իրականացված՝ «Նուբարաշենի գերեզմանոցի տարածքում ժամկետանց պեստիցիդների և կայուն օրգանական աղտոտիչների աղտոտվածության աստիճանի և շրջակա միջավայրի վրա դրանց ազդեցությունը» ուսումնասիրության արդյունքում:

«Ուսումնասիրությունը հիմք կհանդիսանա Նուբարաշենի թունաքիմիկատների տարածքի վերականգնման հետագա գործողությունների համար»,– հոկտեմբերի 29-ին՝ ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ կարծիք է հայտնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:

Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցը հիմնվել է 1970-ական թվականներին՝ որպես կայուն օրգանական աղտոտիչների թափոնների կուտակման վայր և գտնվում է ռիսկային տարածքում՝ սողանքային գոտում։ Բնապահպանները տարիներ շարունակ ահազանգում են, որ սողանքի ակտիվացման դեպքում հնարավոր է թաղված թունաքիմիկատների արտահոսք դեպի արտաքին միջավայր: Արտանետվելով շրջակա միջավայր՝ օդի, ջրի և բույսերի մեջ, և ներթափանցելով մարդկանց օրգանիզմ՝ դրանք կարող են առաջացնել նյարդային և շնչառական համակարգերի, երիկամների հիվանդություններ, խթանել չարորակ նորագոյացությունների զարգացումը։

Հիշեցնենք, որ 2008թ.–ին հայտնաբերվել էր գերեզմանոցի վերին շերտի մասնակի ավերման և փոքր քանակի թունաքիմիկատների արտաբերման դեպք, իսկ 2010 թվականին՝ գերեզմանոցի վերին շերտի ամբողջական ավերման և մեծ քանակությամբ թունաքիմիկատների արտաբերման դեպք։ ՀՀ կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ թունաքիմիկատների գերեզմանոցը վերանորոգելու և կոնսերվացնելու համար, սակայն այն շարունակում է ռիսկեր պարունակել շրջակա միջավայրի և մարդկանց առողջության համար:

Արտակարգ իրավիճակների նախարարությունը դեռևս 2011թ.–ին ԵԱՀԿ-ի հետ համաձայնագիր էր ստորագրել՝ խնդրին երկարաժամկետ լուծումներ տալու ուղղությամբ:

«Հաշվի առնելով շրջակա միջավայրի և անվտանգության միջև փոխկապակցությունը՝ ԵԱՀԿ-ն իրականացրել է կարևոր մի ծրագիր՝ շրջակա միջավայրի պաշտպանության սպառնալիքների կանխարգելման ոլորտում: Այս ծրագրի շրջանակներում հավաքագրվել են մանրամասն տվյալներ Նուբարաշենի գերեզմանոցի թունավոր թափոնների սահմանների, ծավալի և բաղադրության մասին, ինչը թույլ է տվել տալ ճշգրիտ գնահատական՝ շրջակա միջավայրին սպառնացող վնասների ռիսկայնության մակարդակի վերաբերյալ»,– ուսումնասիրության արդյունքների ներկայացման ժամանակ նշել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը:

Շահագրգիռ կողմերը դեռ քննարկում են հետագա գործողությունները։

Հավելենք, որ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի խնդրով տարիներ շարունակ զբաղվող՝ Հայ կանայք հանուն առողջության և առողջ շրջակա միջավայրի ՀԿ–ն նույնպես ուսումնասիրել է թունաքիմիկատների գերեզմանոցի խնդիրը և կարծիք հայտնել, որ դրանք ոչնչացնելու համար մեծ ֆինանսական միջոցներ են հարկավոր, որը Հայաստանը չունի։

Աղբյուրը՝ www.hra.am