Նորություններ

Ակտիվիստներին չեն տրամադրել օրենքով նախատեսված տեսակցությունները

06.11.2013

ՀՀ ոստիկանության ձերբակալվածներին պահելու վայրերի դիտորդական խումբը հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ խախտվում է նոյեմբերի 5-ին բերման ենթարկված անձանց տեսակցության իրավունքը։

Նոյեմբերի 6-ին, ժամը 08։30-ի սահմաններում Դիտորդական խումբն այցելել է Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածներին պահելու վայր (ՁՊՎ), հանդիպել է այնտեղ պահվող ձերբակալված ակտիվիստների հետ և ուսումնասիրել նրանց անձնական գործերը: Նրանցից ոչ մեկի անձնական գործում տեսակցությունների և հեռախոսազանգերի վերաբերյալ ոչ մի արգելանք չի արձանագրվել վարույթն իրականացնող մարմնի կողմից։ Սակայն, ըստ դիտորդական խմբի հայտարարության, ՁՊՎ-ում պահվող մի քանի անձանց չեն տրամադրում տեսակցություն: Ա. Մխիթարյանի և Ա. Մարտիրոսյանի մայրն ու քույրը ցանկություն էին հայտնել տեսակցել իրենց հարազատներին, բայց ոստիկանները նրանց մեկնաբանել էին, որ վարույթն իրականացնող մարմնից պետք է թույլտվություն ստանան տեսակցության համար։

Դիտորդական խմբի ներկայացուցիչները պարզաբանում են խնդրել ՁՊՎ-ի վարչակազմից և պատասխանել են, որ բանավոր հրահանգավորում է եղել, որ տեսակցություններ չտրամադրեն, իսկ համապատասխան արգելանքի որոշումները վարույթն իրականացնող մարմինը մոտ ժամանակներս կներկայացնի ՁՊՎ:

«Դիտորդական խումբը գտնում է, որ տեսակցություն չտրամադրելով նշված անձանց, խախտում են թե՛ նրանց և թե՛ նրանց հարազատների իրավունքները և գործողությունները կատարվում են նրանց կամայական մեկնաբանություններով, որովհետև արգելանքի վերաբերյալ որոշումները կանխավ պետք է լիներ ձերբակալվածների անձնական գործերում»,– նշված է հայտարարության մեջ:

Դիտորդական խումբը հիշեցնում է, որ «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը սահմանում է. «Ձերբակալված և կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, իսկ կալանավորված անձանց` նաև զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ, տրամադրվում է ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի պետի որոշմամբ:

Ձերբակալված անձանց չի տրամադրվում տեսակցություն զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ: Քննության շահերից ելնելով` ձերբակալված կամ կալանավորված անձանց տեսակցությունը մերձավոր ազգականների, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների և այլ անձանց հետ կարող է արգելվել քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ` այդ մասին գրավոր իրազեկելով ձերբակալվածներին պահելու վայրի կամ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին»:

Աղբյուրը՝ www.hra.am