Նորություններ

Բերման ենթարկվածներից 20-ը ձերբակալվել է, կան տուժողներ

06.11.2013

Photo by PhotoLur

Նախկին քաղբանտարկյալ, «7-ի գործով» նախկին մեղադրյալ, «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կազմակերպած հեղափոխությունը երեկ ավարտվեց բախումներով և զանգվածային անկարգություններով, որի արդյունքում 38 հոգի բերման ենթարկվեցին ոստիկանության բաժիններ։

Ոստիկանությունից հայտնում են, որ քննչական գործողություններից հետո 20 հոգի ձերբակալվել են, նրանք են՝ Հարությունյան Շանթ, Տերտերյան Աշոտ, Ավետիսյան Ավետիս, Պետրոսյան Տիգրան, Պողոսյան Ալեք, Պետրոսյան Լիպարիտ, Հովհաննիսյան Արմեն, Հարությունյան Հայկ, Վարդանյան Վարդան, Առաքելյան Միսակ, Մկրտչյան Դավիթ, Մարգարյան Ալբերտ, Գրիգորյան Անուշավան, Մխիթարյան Մխիթար, Ղազարյան Հովհաննես, Մնացականյան Սևակ, Մկրտչյան Վահե, Հովհաննիսյան Մկրտիչ, Հովիկյան Մանուկ, Մխիթարյան Արման, իսկ 18-ը ազատ են արձակվել և ներգրավվել որպես վկա:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելը և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերված և առգրավված մահակներն ու ինքնաշեն պայթուցիկ փաթեթներն ուղարկվել են փորձաքննության: Քննությունը վարում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը: Ըստ ոստիկանության հաղորդագրության՝ կան մարմնական վնասվածքներ ստացած ոստիկաններ, որոնցից 4-ը ներկայումս ստացիոնար բուժում են ստանում, իսկ բերման ենթարկվածներից ու ձերբակալվածներից ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել։

Սակայն www.hra.am –ի տեղեկություններով՝ բերման ենթարկելիս ծեծել են Շանթ Հարությունյանի 14-ամյաորդուն՝ Շահեն Հարությունյանին։ Նա Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ ներկայացուցչին ասել է, որ իրեն ծեծել են Մաշտոցի պողոտայում բերման ենթարկելիս և ոստիկանական մեքենայի մեջ։ Շահեն Հարությունյանի աչքի տակ կարմրած է եղել, իսկ գլխի վրա առկա են եղել հարվածի հետքեր։ Շահենին ծեծելու փաստը հաստատել են նաև այլ բերման ենթարկվածներ, ովքեր փորձել են միջամտել ծեծին, սակայն նրանց էլ Շահենի հետ տարել են ոստիկանության բաժին։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ի երեկոյան 17։00-ին մեկնարկած «միլիոն դիմակների երթը» դեպի նախագահական նստավայր ընդհատվեց Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի շենքի մոտակայքում։ Շանթ Հարությունյանն ու իր համախոհները, դուրս գալով Ազատության հրապարակից, մտան Մաշտոցի պողոտայի երթևեկելի գոտի։ Ճանապարհը չփակելու ոստիկանների կոչերից հետո սկսվեց հրմշտող և բախումներ հեղափոխականների և ոստիկանների միջև, ակտիվիստները թափահարում էին փայտե մահակները, ոստիկանների ոտքերի տակ պայթեցնում ինքնաշեն պայթուցիկներ։

Դեպքի վայր էին ժամանել նաև կարմիր բերետավորները, Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը և այլ ստորաբաժանումներ, որոնց գործողությունների արդյունքում 30–ից ավելի անձինք բերման ենթարկվեցին և երթը դադարեցվեց։

Ուշ երեկոյան ոստիկանությունը հաղորդագրության տարածեց՝ հայտարարելով, որ չի հանդուրժելու և ամենայն խստությամբ է արձագանքելու ցանկացած հակաիրավական գործողության։ Ըստ հաղորդագրության, կան տուժած ոստիկաններ։

Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ 316 հոդվածի հատկանիշներով՝ իշխանության ներկայացուցիչի նկատմամբ բռնություն գործադրելը: Ուշ երեկոյան դեպքի վայրում քննչական գործողություններ էին կատարվում։

Հավելենք, որ մինչ երթի մեկնարկը Շանթ Հարությունյանը լրագրողներին ասել էր. «Մլիցեքից ա կախված, թե ոնց իրանք իրանց կպահեն, տնեց էլ կստանան... Մենք բացի բենզինի շշից, քարից, փետից ու ռագատկից, մեկ էլ մարգանցովկա–բրոնզից, ուրիշ զենք հլը որ չենք վեկալել։ Եթե մեր դեմ ավտոմատ հելավ, զենք հելավ, մեզնից ով կենդանի մնաց, ավտոմատով, զենքով կռվելու ա իրանց դեմ։ Մենք՝ հեղափոխականներս չենք ուզում արյունահեղություն»։

Նրա նպատակը, ըստ իր հայտարարությունների, նախագահական նստավայրը գրավելն ու իշխանափոխություն իրականացնելն է։ Հոկտեմբերի 31-ին Շանթ Հարությունյանը «Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով նստացույց էր սկսել Ազատության հրապարակում։

Հեղինակը՝ Մերի Ալեքսանյան,

Մարիամ Սարգսյան

Աղբյուրը՝ www.hra.am