Նորություններ

Մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար

08.11.2013

Photo by PhotoLur

Նոյեմբերի 8-ին ՀՀ ոստիկանությունը հաղորդագրություն է ուղարկել՝ տեղեկացնելով, որ նոյեմբերի 5-ին կազմակերպված երթի ժամանակ բերման ենթարկված և ձերբակալված անձանցից 8–ը կալանավորված են։ Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Նրանք են՝ Ավետիս Ավետիսյանը, Լիպարիտ Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Վարդան Վարդանյանը, Միսակ Առաքելյանը, Ալբերտ Մարգարյանը, Անուշավան Գրիգորյանը և Մկրտիչ Հովհաննիսյանը։

Մյուս ձերբակալվածները, այդ թվում՝ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավարՇանթ Հարությունյանը, դեռևս գտնվում են ձերբակալվածի կարգավիճակում։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, ժամը 17։10-ի սահմաններում, Շանթ Հարությունյանը, ով օրեր առաջ հայտարարել էր հեղափոխություն իրականացնելու մտադրության մասին, իր կողմնակիցների հետ դիմակներով երթ էր կազմակերպել Ազատության հրապարակից, որն ավարտվեց Մաշտոցի պողոտայում ոստիկանների հետ բախումներով։ Երթի մի խումբ մասնակիցների ձեռքին կային փայտե մահակներ, նրանք ոստիկանների ոտքերի տակ պայթեցնում էին ինքնաշեն պայթուցիկներ։

Ոստիկանության հետ բախումների արդյունքում 38 հոգի բերման ենթարկվեցին ոստիկանության Երևանի կենտրոնական բաժին, որից 20–ը ձերբակալվեց, իսկ մյուսներն ազատ արձակվեցին։ Փաստի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ ՔՕ 316 հոդվածի 2-րդ մասով և 185 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նախաքննությունը շարունակվում է:

Աղբյուրը՝ www.hra.am