Նորություններ

Բերման են ենթարկվել հավաքի հարյուրից ավելի մասնակիցներ

03.12.2013

Photo by panarmenian.net

Դեկտեմբերի 2-ին ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 110 անձինք, ովքեր մասնակցում էին ՌԴ նախագահի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաներին։

Առավոտյան ոստիկանության տարբեր բաժիններ են տարվել բողոքի ակցիաների կազմակերպմանը մասնակցող 12 ակտիվիստ։ Նրանց մի մասը մայրաքաղաքի տարբեր փողոցների վերգետնյա անցումների վրա փորձել են փակցնել պաստառներ հետևյալ գրություններով՝ «Ո՛չ մաքսային գաղութացմանը», «Սերժի պապան ա էկել», «Ազատվե՛նք Սերժիկներից», «Սերժ, Պուծին, տերդ թաղենք» և այլն, կախել են ծաղկավոր խալաթներ և ճտքավոր կոշիկներ:

Նրանցից 4-ի նկատմամբ (Զարուհի Հովհաննիսյան, Օլյա Ազատյան, Արթուր Պետրոսյան, Բաբկեն Տեր–Գրիգորյան) կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն՝ ՀՀ Վարչական օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար, իսկ 8 հոգու վերաբերյալ (Մարիա Հովսեփյան, Նարեկ Սամսոնյան, Նոնա Արուճյան, Լիդա Մինասյան, Անուշ Խաչատրյան, Արթուր Ավթանդիլյան, Հայկ Սահակյան, Համլետ Մելքումյան)՝ նույն օրենսգրքի 172.2 հոդվածով նախատեսված գործողություն կատարելու համար:

Այնուհետև, ժամը 13։00-ին Ազատության հրապարակում տեղի է ունեցել հավաք և երթ, որի ժամանակ ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել մոտ 100 հոգի, այդ թվում՝ լրագրողներ և իրավապաշտպաններ։

Ականատեսները պնդում են, որ ոստիկանությունը բերման ենթարկելիս բռնի ուժ է գործադրել հավաքի մասնակիցների նկատմամբ, կիրառվել են հատուկ միջոցներ։

Այս առիթով ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ նշելով, որ ՀՀ ոստիկանության պետի 2011 թվականի մայիսի 30-ի թիվ 1-Ն հրամանով սահմանված են հատուկ միջոցների տեսակները և դրանց գործածման կարգը։

«Մասնավորապես` ոստիկանության ծառայողներն անձամբ կամ ստորաբաժանման կազմում ծառայողական պարտականությունները կատարելիս իրավունք ունեն հատուկ միջոցներ գործադրել` ոստիկանության ծառայողին կամ հասարակական կարգի պահպանության և հանցագործությունների դեմ տարվող պայքարին աջակցող, իրենց հասարակական կամ ծառայողական պարտականությունները կատարող անձանց նկատմամբ ցուցաբերվող դիմադրությունը խափանելիս կամ նրանց օրինական պահանջներին չենթարկվելու դեպքում` ռետինե մահակներ, արցունքաբեր, գրգռիչ գազ, ծխաքողարկող միջոցներ, ռետինե գնդակներով փամփուշտներ, ձեռնաշղթաներ, ուշադրությունը շեղող լուսաձայնային միջոցներ, արգելանքներ քանդելու միջոցներ, ջրանետ մեքենաներ և զրահամեքենաներ, էլեկտրահարող սարքեր, կայծային պարպիչներ, ծառայողական շներ»:

Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է, որ «քաղաքացիական ակտիվիստների գործողությունները խոչընդոտում են ճանապարհի երթևեկելի հատվածներում տրանսպորտի բնականոն երթևեկը, սահմանափակում մայթերից, պուրակներից, զբոսայգիներից և հանրային ժամանցի համար նախատեսված այլ վայրերից օգտվելու` քաղաքացիների իրավունքները, խաթարում են պետական հաստատությունների բնականոն աշխատանքը և այլն»: 

Միևնույն ժամանակ, ըստ ոստիկանության, «իրավախախտում կատարողները չեն ձերբակալվել, այլ մեկուսացվել են հավաքի վայրից՝ վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով բերվել ՀՀ ոստիկանություն և կարճ ժամանակ անց ազատ արձակվել»:

Ոստիկանության պետի հանձնարարությամբ նշանակվել է ծառայողական քննություն «Հրապարակ» թերթի թղթակցի նկատմամբ ոստիկանի կողմից բռնություն գործադրելու տեղեկատվության կապակցությամբ։

Իսկ 1998թ. ծնված, անչափահաս Էրիկ Իսրայելյանին բերման ենթարկելու կապակցությամբ պարզաբանվել է, որ նա չի կարող վարչական պատասխանատվության ենթարկվել, քանի որ 16 տարին լրացած չէ, և հանձնվել է ծնողի հսկողությանը։

Այլ մանրամասնվեր դեռ չեն հաղորդվում։

Աղբյուրը՝ www.hra.am