Նորություններ

«Անչափահասների արդարադատության գաղափարն ընդունվեց և ցույց տվեց իր արդյունավետությունը»

24.12.2013

Դեկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ–ի, Հայ օգնության ֆոնդի «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի կողմից «Միջազգային բանտային բարեփոխումներ» (PRI) կազմակերպության հետ համատեղ իրականացվող «Անչափահասների գործերով արդարադատության արդիական հայեցակարգերի առաջքաշումը Հայաստանում» ծրագրի ամփոփման միջոցառումը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանն իր խոսքում նշեց, որ անչափահասների արդարադատության առանձին տարրերի ներդրումը Հայաստանում ցույց տվեց, որ համակարգն արդյունավետ է։

Ծրագրի ընթացքում ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնի» կողմից ստեղծված՝ իրավախախտում կատարած անչափահասների երկու վերականգնողական կենտրոնների աշխատանքը, Արման Դանիելյանի գնահատմամբ, արդյունավետ է եղել։

«Նաև մյուս կենտրոնները, որ 2006թ.–ից գործում են, հարյուրավոր ճակատագրեր են փրկել, սակայն այսօր փակման վտանգի տակ են ֆինանսավորման պատճառով։ Ժամանակն է, որ կենտրոնների ֆինանսավորումը պետությունը վերցնի իր վրա։ Մեկ կենտրոնը պահելու համար տարեկան ընդամենը 3 միլիոն դրամ է պետք։ Դա ավելի ձեռնտու է, քան քրեակատարողական հիմնարկում անչափահասին պահելը»,– նշում է Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ նախագահը։

Նրա կարծիքով՝ Հայաստանում անչափահասների արդարադատության գաղափարը ճիշտ ընկալվեց և շատ կողմնակիցներ ունի։

«Անչափահասների արդարադատության առանձնահատկություններից մեկն այն է, որ կարևոր է պարզել հանցագործության կատարման պատճառը, որովհետև ընդունված է համարել, որ անչափահասը նորմալ պայմաններում չպետք է հանցագործություն կատարի, եթե կատարել է, ուրեմն միջավայրում մի բան այն չէ, պետք է գտնել սխալը և վերացնել։ Մյուս առանձնահատկությունը՝ անչափահասների արդարադատությունն ուղղված է ոչ թե պատժելուն, այլ՝ վերականգնելուն։ Իսկ քրեական արդարադատությունն ու քրեակատարողական հիմնարկները այդ հնարավորությունները չունեն»,– ասում է Դանիելյանը։

ՀՀ ոստիկանության Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ Նելլի Դուրյանը ողջույնի խոսքում շնորհակալություն հայտնեց Քաղաքացիական հասարակության ինստիտուտին և ՀՕՖ «Երեխաների աջակցության կենտրոնին» արդյունավետ աշխատանքի և համագործակցության համար.

«Ունեինք 11 կենտրոն, ավելացավ ևս 2-ը։ Շատ շնորհակալ ենք, որովհետև շատ հաջողված կենտրոն ունեցանք Աբովյանում, լավ ցուցանիշներ են եղել ու լավ արդյունք ենք ունեցել։ Ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության ինստիտուտի կողմից 60 ոստիկան է վերապատրաստվել, որը մեզ համար շատ կարևոր է, քանի որ յուրաքանչյուր վերապատրաստում չի կարող իր դրական ազդեցությունը չունենալ։ Ոստիկանները շատ ոգևորված էին և, հուսով եմ, ձեռքբերված գիտելիքները կկիրառեն իրենց առօրյա աշխատանքում»,– նշեց նա։

ՀՕՖ «Երեխաների աջակցության հիմնադրամի» գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը, ներկայացնելով անչափահասների վերականգնողական կենտրոններում կատարված աշխատանքը, նշեց, որ 45 միջոցառում է կազմակերպվել 191 երեխայի մասնակցությամբ։

Վերականգնողական կենտրոններ ուղղորդված երեխաների մեջ մեծ թիվ են կազմել գողություն կատարածները (46 դեպք), կռվի հետևանքով մարմնական վնասվածք ստացած կամ պատճառած անչափահասները (38 դեպք), կրթական հաստատություններում վտանգավոր դաստիարակվող համարված (14 դեպք) և կրթությունից դուրս մնացած երեխաները (12 դեպք)։ Նրանց ցուցաբերվել է սոցիալ-հոգեբանական համալիր աջակցություն։

«Բաց ճակատով կարող եմ ասել, որ մենք որակական արդյունքների ենք հասնել, բարձրացել է երեխաների հանդուրժողականությունը, արարքը վերանայելու և փոխհատուցելու պատրաստակամությունը, այլոց օգտակար լինելու ձգտումը, բարձրացել է նրանց ինքնագնահատականը... Եվ, ամփոփելով, կարող եմ ասել, որ հակասոցիալական վարք են դրսևորում այն երեխաները, ովքեր կայուն խնամող չունեն, սիրո կամ ուշադրության պակաս ունեն... Եթե ուզում ենք առողջանա միջավայրը, պետք է սովորեցնենք լավ ծնող լինել։ Մենք ամեն մասնագետ պատրաստում ենք, բայց ամենադժվար մասնագիտությունը, որը ծնող լինելն է, չենք սովորեցնում, թողնում ենք բնազդային–ինտուիտիվ մակարդակի վրա»,– նշեց Միրա Անտոնյանը։

Միջոցառման ընթացքում ներկայացվեց «Դատաքննության փուլում անչափահասների հարցաքննությունների դիտարկման» ուսումնասիրության արդյունքները և ծրագրի շրջանակներում պատրաստված՝ անչափահասների արդարադատության ոլորտի վերաբերյալ ֆիլմ։ Ուսումնասիրության արդյունքներին կանդրադառնանք մեր առաջիկա հրապարակումներում։

Աղբյուրը՝ www.hra.am