Նորություններ

Կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը հակասում է ՀՀ սահմանադրությանը. ՓՊ

26.12.2013

Photo by panarmenian.net

Դեկտեմբերի 25-ին Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել՝ մտահոգություն հայտնելով 2014թ. հունվարի 1-ից ներդրվելիք կենսաթոշակային նոր համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչի վերաբերյալ:

Չանդրադառնալով բարեփոխման սոցիալ-տնտեսական ազդեցությանը՝ ՓՊ–ը անդրադառնում է միայն դրա իրավական կողմից՝ հայտարարելով, պարտադիր կուտակային բաղադրիչի ներդրումը, նախևառաջ, հակասում է ՀՀ սահմանադրությանը:

Փաստաբանները համակարծիք են ԱԺ պատգամավորների կողմից ՀՀ սահմանադրական դատարան ներկայացված՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու վերաբերյալ դիմումում մատնանշված հիմնավորումների հետ:

Հայտարարության մեջ բերված հիմնավորումները ներկայացնում ենք ամբողջությամբ.

«1. Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն Պարտադիր կուտակային բաղադրիչին պարտադիր կարգով մասնակցում են 1974 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձինք: Հետևաբար, նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 14.1-րդ հոդվածով ամրագրված օրենքի առջև բոլորի հավասարության (այդ թվում նաև՝ անկախ տարիքից) սկզբունքին: Մասնավորապես և հատկապես ուշագրավ է այն փաստը, որ քննարկվող Oրենքի ուժով սահմանափակվում է անձին պատկանող սեփականությունը իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կտակելու անձի սահմանադրական իրավունքը, Օրենքի ուժով խտրական պայմաններ են սահմանվում կախված 1) տարիքից և 2) անձանց գույքային վիճակից, անձանց իրավական վիճակը վատթարացնող իրավական ակտին (Օրենքին) տրվում է հետադարձ ուժ' փաստացի տարածելով դրա գործողությունը մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած աշխատանքային և այլ իրավահարաբերություններին։

2. Օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված աշխատավարձից կուտակային վճարի պահումը խախտում է ՀՀ Սահմանադրության 8-րդ և 31-րդ հոդվածներով երաշխավորված անձի սեփականության իրավունքը:

3. Պարտադիր կուտակային վճար վճարելը չի կարող դիտարկվել որպես ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածով նախատեսված պարտադիր այլ վճարումներ վճարելու պարտականություն, քանի որ այն չի մուտքագրվելու պետական կամ համայնքային բյուջե (ՍԴՈ 753 որոշում), հետևաբար նշված դրույթը հակասում է ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածին:

4. Պարտադիր կուտակային վճար վճարելը հակասում է ՀՀ Սահմանադրության 1-ին, 34-րդ, 37-րդ և 48-րդ հոդվածներին, այն առումով, որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը հռչակվել է որպես սոցիալական պետություն, և պետության պարտականությունն է պայմաններ ստեղծել բարելավելու անձանց, այդ թվում նաև՝ տարեցների կենսապայմանները:

5. Օրենքը հակասության մեջ է նաև ՀՀ Սահմանադրության 117-րդ հոդվածի հետ, մասնավորապես այն առումով, որ սոցիալական ոլորտում պետությունը ստանձնելով որոշակի հանրային-իրավական պարտավորություններ' չի կարող կամայականորեն հրաժարվել դրանց կատարման պարտականությունից: 6. Համաձայն ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը: Այլ իրավական ակտերը պետք է համապատասխանեն Սահմանադրությանը և օրենքներին։

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ ՀՀ փաստաբանների պալատը գտնում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը պարտադիր կուտակային բաղադրիչի մասով չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը»:

Աղբյուրը՝ www.hra.am