Նորություններ

ՍԴ-ն որոշել է առժամանակ կասեցնել կենսաթոշակային օրենքի որոշ դրույթների կիրառումը

24.01.2014

Սահմանադրական դատարանը հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթների գործողությունը կասեցնել մինչև օրենքի սահմանադրականության հարցի քննարկումը։

ՍԴ տարածած մամուլի հաղորդագրության մեջ ասվում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի (պատասխանատվությունը պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացմամբ կատարելու համար) և 86-րդ հոդվածի 3-րդ (ֆոնդի և կառավարչի պարտադիր ընտրություն) մասի գործողությունը կասեցվում է մինչև օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ հարցի քննության ավարտը։

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014թ. մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային ժողովի 4 խմբակցությունները դիմել էին Սամանադրական դատարան՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ դրույթներ հակասահմանադրական ճանաչելու պահանջով և մինչև ՍԴ-ի վճռի կայացումը օրենքը կասեցնելու միջնորդությամբ:

Աղբյուրը՝ www.hra.am