Նորություններ

«Դեմ եմ»–ը կոչ է անում գործատուներին աշխատավարձերից պահումներ չանել և կանգնել աշխատողների կողքին

31.01.2014

Photo by dem.am

Հունվարի 31-ին «Դեմ եմ» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել, որով կոչ է անում Հայաստանի բոլոր գործատուներին մասնակից չդառնալ հակաօրինական գործարքի և հիմք ընդունելով ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը՝ աշխատավարձերից չկատարել որևէ պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

«Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ»,– նշվում է հայտարարության մեջ՝ հորդորելով գործատուներին սատարել իրենց աշխատողներին, մանավանդ որ ՍԴ աշխատակարգային որոշումը հնարավորություն է տալիս դա անել առանց տույժ կամ տուգանք կրելու:

Հայտարարության տեքստն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։

Դ!ԵՄ ԵՄ – Հրապարակային կոչը բոլոր գործատուներին

Հարգելի՛ գործատուներ,

Սույն թվականի հունվարի 24-ին ՀՀ սահմանադրական դատարանը, քննության առնելով ՀՀ ԱԺ պատգամավորների դիմումի հիման վրա՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45 և 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ գործով դիմումի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը, հրապարակեց իր աշխատակարգային որոշումը, համաձայն որի մինչև գործի դատաքննության ավարտը կասեցվել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը: Սա նշանակում է, որ այժմ պարտադիր կուտակային վճար կատարելու պարտավորություն ունեցող անձինք (այդ թվում նաև հարկային գործակալները) ընդհուպ մինչև դատաքննության ավարտը պատասխանատվություն չեն կրում կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար: Ինչպես նաև պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները դեռևս պարտավորված չեն կատարել կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն (Որոշման ամբողջական տեքստը՝ http://concourt.am/armenian/decisions/working/2014/pdf/sdav-3.pdf):

Ելնելով վերոնշյալից՝ դիմում ենք Ձեզ և հորդորում, հիմք ընդունել ՀՀ սահմանադրական դատարանի սույն աշխատակարգային որոշումը, ձեռնպահ մնալ դրանում նշված հոդվածների պահանջները կատարելուց, այն է՝ չկատարել Ձեր աշխատակիցների աշխատավարձերից որևիցե պահումներ կուտակային պարտադիր վճարի պատրվակով:

Հավատացած եղեք, որ Ձեր աշխատակիցները մշտապես Ձեր կողքին են եղել, բազմաթիվ աշխատողներ երախտապարտ են եղել այն գործատուներին, ովքեր շտապել են բարձրացնել իրենց աշխատավարձերը: Սակայն հարկ է նկատել, որ դա հարցի լուծման օպտիմալ և ընդունելի տարբերակը չէ:

Համոզված ենք, որ շատ գործատուներ այսօր իրենց աշխատողների աջակցության կարիքն ունեն, իսկ աշխատողները պատրաստ են կանգնել իրենց գործատուների կողքին:

Դուք՝ գործատուներդ, այժմ ՍԴ աշխատակարգային որոշման միջոցով հնարավորություն ունեք առանց որևէ տույժ կամ տուգանք կրելու կանգնել Ձեր աշխատողների կողքին: Ավելին՝ եթե մարտի 28-ի դատաքննության արդյունքում օրենքի վիճահարույց դրույթները Սահմանադրական դատարանի կողմից ճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր, աշխատողները չվերականգնվող ֆինանսական կորուստներ կարող են կրել, եթե նրանց աշխատավարձերից կուտակային ֆոնդերին կամ կամուրջ հաշվին փոխանցումներ իրականացվեն:

Մի՛ եղեք մասնակից հակաօրինական գործարքի, որի մասին բարձրաձայնել են հազարավոր քաղաքացիներ, ինչպես նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատը, իրավապաշտպան ՀԿ-ներ, ԱԺ 4 խմբակցություններ:

Մի՛ մոռացեք, որ այս օրինական և արդարացի պահանջները բարձրացնող անձանց (պայքարողների) շարքերում են նաև Ձեր աշխատողները:

Արդյունքը երկար սպասել չի՛ տա՝ ՀՀ սահմանադրական դատարանը դիմումը քննության է առնելու ս.թ. մարտի 28-ին, և հավանականությունը մեծ է, որ օրենքի վիճահարույց հոդվածները կճանաչվեն ՀՀ սահմանադրությանը հակասող և անվավեր:

«Դեմ եմ» նախաձեռնություն։

Աղբյուրը՝ www.hra.am