Նորություններ

Մամուլի ազատությամբ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է. «Լրագրողներ առանց սահմանների»

12.02.2014

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է աշխարհում մամուլի ազատության իրավիճակի վերաբերյալ հերթական զեկույցը` «World Press Freefom Index - 2014»–ը։

Մամուլի ազատության ինդեքսով 180 երկրների շարքում Հայաստանը գտնվում է 78-րդ տեղում։ Նշենք, որ 2009–ին Հայաստանը աղյուսակի 111-րդ տեղում էր, 2010-ին՝ 101-րդ, իսկ 2013-ին՝ 74–րդ տեղում։ 

Ըստ զեկույցի՝ ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի Հայաստանը Հարավային Կովկասում առաջատարն է մամուլի ազատության տեսանկյունից։ Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը ինդեքսում 84-րդն է, Թուրքիան՝ 154-րդը, Ադրբեջանը՝ 160-րդը, Իրանը՝ 173-րդը։

Զեկույցն արձանագրել է, որ հետխորհրդային երկրների շարքում մամուլի ազատության առումով «առաջատար քառյակում» են Մոլդովան, Հայաստանը, Վրաստանը և Ղրղզստանը, որտեղ կա բազմակարծության համեմատաբար բարձր մակարդակ և պետական գրաքննությունը քիչ է: Սակայն, միաժամանակ, նշվում է, որ ԶԼՄ–ները քաղաքականացված են և արտահայտում են իրենց տերերի քաղաքական կողմնորոշումները, ինչը սահմանափակում է լրատվամիջոցի խմբագրակազմի անկախությունը:

Զեկույցը փաստում է, որ 2013-ին Հայաստանում տեղի ունեցած ընտրություններն ավելի հանգիստ պայմաններում են անցել, քան նախորդները, լրագրողների նկատմամբ բռնությունները քիչ են եղել։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության 2014թ. մամուլի ազատության վարկանիշային աղյուսակի առաջին տեղում կրկին Ֆինլանդիան է, որին հետևում են Նիդեռլանդները, Նորվեգիան, Լյուքսեմբուրգը, Անդորան, Դանիան։ Ռուսաստանը 148-րդ տեղում է, ինչպես նախորդ տարի։

Աղյուսակն այս տարի ևս եզրափակում են Թուրքմենստանը, Հյուսիսային Կորեան և Էրիթրեան:

Աղբյուրը՝ www.hra.am