Նորություններ

Ըստ Ոստիկանության՝ հանրահավաքի մասին իրազեկող ՀԱԿ ակտիվիստները կատարել են խուլիգանություն

15.02.2014

Ըստ ոստիկանության՝ մարտի 1-ի հանրահավաքի մասին իրազեկող երիտասարդները կատարել են խուլիգանություն, իսկ լրագրողի նկատմամբ անօրինական գործողությունների հանգամանքները պարզելու համար նշանակվել է ծառայողական քննություն։

Փետրվարի 14-ին ՀՀ Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ արձագանքելով երկու օր առաջ ՀԱԿ ակտիվիստներին բերման ենթարկելու և ոստիկանների կողմից լրագրող Անի Գևորգյանի նկատմամբ բռնություն կիրառելու վերաբերյալ հրապարակումներին։

Պարզաբանման մեջ նշվում է, որ փետրվարի 12-ին, ժամը 18։15-ի սահմաններում Մաշտոցի պողոտայում «մի խումբ անձինք, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և հասարակության` անցորդների նկատմամբ արտահայտելով բացահայտ անհարգալից վերաբերմունք, միմյանց նկատմամբ բռնություն գործադրելով, կատարել են խուլիգանություն»:

Դեպքի առթիվ փետրվարի 13-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), կատարվում է նախաքննություն: Իսկ Անի Գևորգյանի նկատմամբ ոստիկանության Կենտրոնականի բաժնում կատարվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն:

Նշենք, որ ՀԱԿ երիտասարդները պատմել են, որ փետրվարի 12-ի երեկոյան՝ մարտիմեկյան հանրահավաքի մասին իրազեկման ժամանակ, արհեստական սադրանք և խոչընդոտ առաջացնելով, մի խումբ ոստիկաններ բռնի ուժով իրենց բերման են ենթարկել և մինչև ուշ գիշեր պահել ոստիկանության Կենտրոնականի բաժնում։

Լրագրող Անի Գևորգյանն էլ պատմել է, որ փողոցում և ոստիկանության բաժնում իրենից բռնի ուժով փորձել են խլել տեսախցիկը, հարվածել են ձեռքերին, իսկ ոստիկանության բաժնում մի ոստիկան ապտակել է և ձեռքից խլել բջջային հեռախոսը, որով նա այդ պահին խոսում էր Սիվիլնեթի լրագրողի հետ։

Աղբյուրը՝ www.hra.am