Նորություններ

Քաղաքացիական ակտիվիստներին ծեծի ենթարկողներից ոչ բոլորն են բացահայտված

26.02.2014

Անցած տարվա օգոստոս–սեպտեմբեր ամիսներին քաղաքացիական բողոքի ակցիաների մասնակիցների վրա փողոցում տեղի ունեցած հարձակումների և ֆիզիկական բռնության հինգ դեպքերից միայն մեկով է գործն ուղարկվել դատարան: Մեկ գործով վարույթը կասեցվել է, երեք դեպքով նախաքննությունը դեռ շարունակվում է։ Գործերով ներգրավված են մեղադրյալներ, ում նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին։ 

Այս մասին Քաղաքացիական հասարակության ինստիտուտ ՀԿ–ին և www.hra.am կայքին հայտնում են ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչությունից։

2013թ. օգոստոսի 22-ին Կոմիտաս 5 հասցեում ակտիվիստ Անուշավան Գրիգորյանին ֆիզիկական բռնության ենթարկելու դեպքի առթիվ 09.09.2013թ. Արաբկիրի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 117 հոդվածի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը)։ Նախաքննությամբ պարզվել է, որ Անուշավան Գրիգորյանին ոտքերով և ձեռքերով հարվածներ է հասցրել Արաբկիրի թաղապետարանի աշխատակից, Առևտրի և գովազդի բաժնի 1-ին կարգի մասնագետ Սահակ Հակոբյանը, ում 22.10.2013թ. մեղադրանք է առաջադրվել և գործը հոկտեմբերի 24-ին ուղարկվել է դատարան:

Օգոստոսի 25-ին Գրիգոր Լուսավորիչ փողոցում «Արարատ» հյուրանոցի մոտ Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ կատարված միջադեպի կապակցությամբ 11.09.2013թ. Կենտրոնական քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (ծեծը):

Նախաքննությամբ պարզվել է, որ Միհրան Մարգարյանի և Բաբկեն Տեր-Գրիգորյանի հետ վիճաբանել և նրանց ծեծել են Սամվել Փուրտոյանը և Սևակ Բաբայանը։ Վերջիններիս մեղադրանք է առաջադրվել և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին։ Նախաքննությունը շարունակվում է։

Օգոստոսի 25-ին «Հաղթանակ» կամրջի վրա անհայտ անձի կողմից Միքայել Տոնոյանին հարվածելու դեպի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 14.09.2013թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 118 հոդվածի հատկանիշներով (ծեծը): Նախաքննությամբ պարզվել է, որ Տոնոյանին հարվածողը Արթուր Թումանյանն է։ Վերջինիս 04.10.2013թ մեղադրանք է առաջադրվել։ Գործով նախաքննությունը շարունակվում է։

Սեպտեմբերի 5-ին Եզնիկ Կողբացի փողոցում Հայկակ Արշամյանին և Սուրեն Սաղաթելյանին մի խումբ անձանց կողմից ծեծի ենթարկելու և մարմնական վնասվածքներ հասցնելու դեպքի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 13.09.2013թ. հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 113 հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 118 հոդվածի հատկանիշներով (ծեծը): Հանցագործություն կատարած անձինք դեռ անհայտ են: Նախաքննությունը շարունակվում է։

Իսկ սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Մաշտոցի պողոտայի սկզբնամասում մի խումբ անձանց կողմից Արման Ալեքսանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ Կենտրոնականի քննչական բաժնում 14.09.2013թ. հարուցված քրեական գործի նախաքննությունը դեկտեմբերի 27-ին կասեցվել է հանցագործություն կատարած անձի անհայտ լինելու հիմքով (ՀՀ ՔԴՕ 31 հոդված, 1-ին մասի 1-ին կետ)։

Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոսի 22-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձանց կողմից ֆիզիկական բռնության էին ենթարկվել քաղաքացիական շարժումների մասնակից կամ սատարող յոթ ակտիվիստներ: Բռնությունները դատապարտող հայտարարությունով սեպտեմբերի 6-ին հանդես է եկել Քաղաքացիական հասարակության ինստիտուտը։

Սեպտեմբերի 12-ին դատապարտող հայտարարություն  է արել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։ Միացյալ հայտարարություն են տարածել նաև 20-ից ավելի հայաստանյան հասարակական կազմակերպություններ։

Նշենք, որ բոլոր միջադեպերի վերաբերյալ քրեական գործերը հարուցվել են սեպտեմբերի 9-ից հետո միայն։

Աղբյուրը՝ www.hra.am