Նորություններ

Օմբուդսմենը պարտադիր կուտակային կենսաթոշակի խնդրով հրատապ գրություն է ուղարկել ՍԴ

26.02.2014

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը փետրվարի 24-ին դիմել է Սահամանադրական դատարան՝ հարկ համարելով տեղեկացնել պարտադիր կենսաթոշակային համակարգի և ՍԴ ընդունած աշխատակարգային որոշման շուրջ ստեղծված խառնաշփոթի և խնդրի հրատապության մասին։

ՄԻՊ գրասենյակի հաղորդմամբ՝ Անդրեասյանը որոշել է գրություն ուղարկել «Մեծամորի» ատոմակայանի մի խումբ աշխատակիցների և այլ քաղաքացիների կողմից ստացված բողոքներից հետո։

Գրության մեջ Անդրեասյանը մասնավորապես նշում է, որ Սահմանադրական դատարանի կողմից հունվարի 24-ին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի վերաբերյալ կայացրած աշխատակարգային որոշումը տարաբնույթ մեկնաբանությունների և գործողությունների տեղիք տվեց թե՛ գործատուների, թե՛ աշխատողների և թե՛ պետական մարմինների ղեկավարների կողմից:

Մի կողմից որոշ գործատուներ պնդում էին կուտակային կենսաթոշակների մասին օրենքի՝ ուժի մեջ լինելու մասին, և պահում էին նախատեսված 5 տոկոսը: Մյուս կողմից՝ աշխատողներն առաջ էին քաշում ՍԴ կասեցման որոշումը և պահանջում էին չգանձել նախատեսված 5 տոկոսը: 

«Այս խառնաշփոթի հետևանքով բազմաթիվ քաղաքացիներ, դժգոհություն հայտնելով, որ գործատուներն իրենց կամքին հակառակ պահումներ են կատարում իրենց աշխատավարձից, դուրս եկան փողոց՝ արտահայտելու իրենց կամքը/դժգոհությունը: Առանձին դեպքերում այս ակցիաներին մասնակցած աշխատողները ղեկավարության նախաձեռնությամբ ազատվեցին աշխատանքից, ինչի պատճառը, աշխատողների պնդմամբ, նրանց դժգոհության բարձրաձայնումն է եղել»,– գրում է պաշտպանը:

Նրա կարծիքով՝ ստեղծված խառնաշփոթը էլ ավելի խորացավ որոշ պետական մարմինների կողմից արված հայտարարությունների արդյունքում։

Նախ Պետական եկամուտների կոմիտեն նշեց, որ էլեկտրոնային հաշվետվությունների համակարգչային ծրագիրն ավտոմատ հաշվարկում է պարտադիր կուտակային վճարները, և ՊԵԿ-ն իրավասու չէ հաշվետվության ձևից հանել պարտադիր կուտակային վճարների դաշտը:

Ապա Կետրոնական բանկը պաշտոնապես հայտարարեց, որ ՍԴ իր աշխատակարգային որոշմամբ պարտադիր կուտակային վճարները կատարելու պարտականությունից չի ազատել գործատուներին, և եթե վիճարկվող օրենքը սահմանադրական ճանաչվի, աշխատողները ստիպված կլինեն բաց թողնված ժամանակահատվածի համար միանվագ կուտակային վճարներ կատարել։

Այնուհետև, հակադարձելով ԿԲ-ի հայտարարությանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը պնդեց, որ «որևէ գործատու իրավունք չունի երեք ամիս առաջվա աշխատավարձից պահումներ կատարել» և ոչ ոք իրավասու չէ կանխատեսել, թե ՍԴ–ն ինչ որոշում կկայացնի։

Նշենք, որ ավելի վաղ Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել էր պարզաբանումներ պարտադիր կուտակային վճարների հետ կապված քաղաքացիների հարցերի վերաբերյալ։

Աղբյուրը՝ www.hra.am