Նորություններ

Մարտի 1-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը ԱԺ–ն մերժեց

10.03.2014

Մարտի 10-ին ՀՀ Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ մերժեց մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ իրավապահ մարմինների իրականացրած գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկը։

ԱԺ մեծամասնությունը՝ ի դեմս կոալիցիոն ուժերի, դեմ քվեարկեց նախագծին, և այն մերժվեց 66 դեմ, 46 կողմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

«Մենք լուրջ ենք մոտենում հարցին, նրանք, ովքեր կարծում են, որ շոուներ անելու ժամանակն է, սխալվում են: Մենք ուսումնասիրել ենք երեք հանձնաժողովների աշխատանքները և նպատակահարմար չենք գտնում մեկ այլ հանձնաժողով ստեղծելը»,- քվեարկությունից առաջ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ այս կերպ հիմնավորելով իրենց խմբակցության դեմ լինելը:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը, ով նախագծի հիմնական ներկայացնողն էր, արձագանքելով Գալուստ Սահակյանին, նշեց, որ, համենայնդեպս, ինքը շոու անելու նպատակ չի հետապնդել, և զարմանք հայտնեց, որ բոլոր պատգամավորները ցանկանում են, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց դեմ են որոշման նախագծին:

Իսկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն էլ ընդգծեց, որ Գալուստ Սահակյանի մատնանշած նախորդ հանձնաժողովները այլ բնույթի են եղել, իսկ իրենց առաջարկած հանձնաժողովը պետք է ուսումնասիրի, թե իրավապահ մարմինները արդարադատության իրականացման ճանապարհին ինչ բացթողումներ են ունեցել։

Հիշեցնենք, որ փետրվարի վերջին Հայ ազգային կոնգրես խմբակցությունը ԱԺ քննարկմանն էր ներկայացրել մարտի 1-ի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու առաջարկ։ Ըստ նախագծի՝ հանձնաժողովի խնդիրը պետք է լիներ ուսումնասիրել 2008թ. մարտի 1-2-ին Երևանում կատարված իրադարձությունների պատճառներն ու կատարմանը նպաստող պայմանները, այդ դեպքերին պետական կառույցների ու պաշտոնատար անձանց ունեցած հնարավոր առնչությունները, ինչպես նաև՝ ՀՀ իրավապահ մարմինների ձեռնարկած գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը:

Աղբյուրը՝ www.hra.am