Նորություններ

«Դեմ եմ»-ը Կառավարության հետ կերկխոսի, եթե հստակ երաշխիքներ ունենա

19.03.2014

Photo by panarmenian.net

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մարտի 19-ին կայացած կառավարության նիստի ժամանակ դիմել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարող «Դեմ եմ» շարժմանը՝ նշելով, որ իրենք պատրաստ են երկխոսելու և քննարկելու օրենքի թերությունները։

«Մենք պատրաստ ենք երկխոսության, ընդունում ենք, որ մեր օրենքները, հատկապես՝ ամենաբարդ ռեֆորմին վերաբերող օրենքերը առանց թերությունների չեն կարող լինել: Կան, բնականաբար, թերություններ, որոնք մատնանշում են նաև մեր ընդդիմախոսները: Մենք հայտարարում ենք, որ ճիշտ ճանապարհը երկխոսության ճանապարհն է, և հրավիրում ենք մեր երիտասարդ գործընկերներին` «Դեմ եմ» շարժման ներկայացուցիչներին, այդ երկխոսությանը»,- հայտարարել է վարչապետը:

Նա նաև ասել է, որ «կամ ամեն ինչ, կամ ոչինչ» դիրքորոշումն անընդունելի է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակությունը ներկայացնող պատասխանատու երիտասարդների համար, և այդ սկզբունքից հրաժարվելն օգտակար կլինի բոլորի համար:

Վարչապետի կոչ–ուղերձին պատասխանել է «Դեմ եմ» թիմը՝ նշելով, որ իրենք միշտ կարևորել են երկխոսությունը և դա ապացուցել են իրենց պահվածքով։ Սակայն իրենք երկխոսության կգնան միայն այն դեպքում, եթե հստակ հաղորդագրություն լինի այն մասին, որ Կառավարությունը պատրաստակամ է օրենքից հանել պարտադիր բաղադրիչը։

Պատասխան հայտարարության մեջ մասնավորապես ասված է.

«Այնուամենայնիվ, ողջունելով վարչապետի երկխոսության առաջարկը, հաստատակամ ենք, որ մեր պայքարը շարունակվելու է այնքան, մինչև իսպառ վերացվի օրենքից պարտադիր բաղադրիչը՝ անկախ նրանից՝ դա կլինի ՍԴ-ի որոշմամբ, թե առանց դրա...

Երբ կլինի հստակ հաղորդագրություն այն մասին, որ կա պատրաստակամություն պարտադիր բաղադրիչը օրենքից վերացնելու, և կա ցանկություն երկխոսության օրենքի նոր տարբերակի շուրջ առանց պարտադիր բաղադրիչի, մենք պատրաստ կլինենք գնալ երկխոսության՝ նշելով, որ ողջ հանրությունը պիտի այդ լայն քննարկման որոշման կայացման մասնակիցը լինի...

Այս պահին մենք նման հաղորդագրություն վարչապետի կողմից չունենք»:

Աղբյուրը՝ www.hra.am