Նորություններ

ՀՔԾ–ն խոշտանգումների հատկանիշներով քրեական գործ է հարուցել՝ պաշտպանի հաղորդման հիման վրա

20.03.2014

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ստացել է գլխավոր դատախազին հասցեագրված՝ հանրային պաշտպան Արթուր Սահակյանի դիմումն իր պաշտպանյալի նկատմամբ ոստիկանությունում կատարված ապօրինությունների վերաբերյալ, հայտնում է ՀՔԾ–ն։ 

Ըստ փաստաբանի հաղորդման՝ իր պաշտպանյալ Ա.Կ.-ն դատարանում հայտարարել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, այնուհետև` ՀՀ ոստիկանության բաժնում իրեն ապօրինաբար անազատության մեջ են պահել, իր նկատմամբ բռնություն են գործադրել:

Վերոհիշյալ հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով՝ ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստի կապակցությամբ։

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am