Նորություններ

ՍԴ–ում մեկնարկեց պարտադիր կուտակայինի սահմանադրականության հարցի քննությունը

28.03.2014

Photo by hra.am

Մարտի 28-ին ՀՀ Սահմանադրական դատարանը սկսեց քննել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ հոդվածների սահմանադրականության հարցը։ Դատարանը հասցրեց լսել դիմող կողմին, պատասխանող կողմից՝ ԱԺ ներկայացուցիչներին։ Գործի քննությունը կշարունակվի երկուշաբթի օրը, ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել են ՍԴ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5–րդ, 7–րդ, 8–րդ, 37–րդ, 38–րդ, 45–րդ, 49–րդ և 86–րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

ՍԴ–ում գործի քննության ժամանակ դիմող կողմի ներկայացուցիչներն են ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, փաստաբան Մերի Խաչատրյանը և իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը։

Մերի Խաչատրյանը դիմող կողմի անունից ներկայացրեց «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների դրույթների անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությամբ երաշխավորված՝ տարիքային և գույքային վիճակով պայմանավորված խտրականության կիրառման անթույլատրելիության սկզբունքին, ինչպես նաև՝ սեփականության իրավունքին։

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այն հիմնական ռիսկերը, որ պարունակում է օրենքը։ Դրանցից մեկն էլ պետության ֆինանսական բեռի ավելացումն է, որը կմեծացնի բյուջեի դեֆիցիտը։

Պատգամավորի խոսքերով՝ կուտակային գումարների կրկնապատկումը լրացուցիչ հսկայական ֆինանսական բեռ է պետության համար, որը նա չի կարող ստանձնել բյուջետային օրենքի դրույթների համաձայն։

Արտակ Զեյնալյանի ելույթը վերաբերում էր ժողովրդավարական համակարգերին։

Մինչ դատարանում ընթացքում էր գործի քննությունը, ՍԴ շենքի առջև բողոքի լուռ ակցիա էին կազմակերպել «Դեմ եմ» շարժման անդամները և համակիրները։ Նրանք 15 րոպե տևողությամբ ֆլեշ–մոբ իրականացրեցին. երիզներով կապել էին աչքերը, ինչը խորհրդանշում էր արդարադատության սիմվոլ Ֆեմիադային, և կոչերի փոխարեն պարզել պաստառներ՝ ՍԴ–ից պահանջելով լինել քաղաքացու կողմից և կայացնել արդար վճիռ։ 

Օրենքը խտրականություն է սահմանում անձանց տարիքայինևգույքայինվիճակովպայմանավորված

Դիմումը ներկայացնելիս, հղում անելով խտրականությունն արգելող ՀՀ և միջազգային իրավական ակտերին, Մերի Խաչատրյանը նշեց, որ օրենքը խտրական մոտեցում է ցուցաբերում 1974թ. առաջ և հետո ծնված անձանց, ինչպես նաև՝ 500.000 դրամից բարձր և ցածր եկամուտ ունեցող անձանց նկատմամբ.

«Օրենքով համապատասխան տարիքային ցենզ սահմանելիս պարզ չէ, թե ինչ չափորոշիչների, հաշվարկների, մասնագիտական վերլուծության և այլ որոշումների հիման վրա է որոշվել պարտադիր կուտակային բաղադրիչի պարտադիր մասնակից համարել հենց 1974թ. հունվարի 1-ին և դրանից հետո ծնված անձանց։ Արդյո՞ք ողջամիտ և իրավաչափ է այս խմբի անձանց վրա տարբերվող ֆինանսական բեռ դնելը։ Արդյո՞ք հետազոտվել և գնահատվել է դրա հետևանքներն ու ռիսկերը, թե՞ ոչ։

Մեր համոզմամբ պարտադիր կուտակային վճարներ կատարելու նորմի սահմանումը և դրա տարածումը նաև նախկինում՝ մինչև 2014թ. հունվարի 1-ը ծագած իրավահարաբերությունների վրա, արդեն իսկ գործող աշխատանքային հարաբերությունների անհարկի և ոչ իրավաչափ միջամտության դրսևորում է, որը հանգեցնում է նշված իրավահարաբերություններում գտնվող աշխատակիցների իրավական վիճակի վատթարացմանը, քանի որ նորմի կիրառման հետևանքով նվազում է անձին պատկանող սեփականության՝ հարկված եկամտի ծավալը և սահմանափակվում է այդ սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու, տնօրինելու և կուտակելու՝ անձի սահմանադրական իրավունքը, ինչն արգելված է նաև ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածով, որի համաձայն՝ «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»։

ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը սահմանում է, որ բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջև և խտրականությունն արգելվում է։

Ըստ փաստաբանի՝ օրենքի պարտադրող նորմի գործադրումը կապելով տարիքի և գույքային վիճակի հետ՝ խախտվում է Սահմանադրության 14.1 հոդվածով ամրագրված հավասարության սկզբունքը, և 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված մարդիկ, ունենալով նույն որակավորումը, զնաղեցնելով նույն պաշտոնը, աշխատանքային պայմանագրով ստանալով նույն դրույքաչափով աշխատավարձ հայտնվելու են խտրական, անհավասար վիճակում այն մարդկանց հետ, ովքեր ծնվել են 1974թ.–ից առաջ՝ նույնիսկ 1 օր տարբերությամբ ծնված մարդկանց դեպքում։

Մերի Խաչատրյանի կարծիքով՝ օրենքը խտրական մոտեցում է սահմանում ոչ միայն տարիքային, այլև՝ եկամուտների չափով պայմանավորված՝ խտրական մոտեցում դրսևորելով կուտակված գումարն ավելացնելու հարցում, ինչի հետևանքով փոփոխվում է մինչև 500.000 դրամ և դրանից ավել եկամուտ ունեցող անձանցից պահվող գումարի տոկոսադրույքը։

«Օրենքով ինքնազբաղված անձինք չեն դիտվում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակից, այլ ընդգրկված են կամավոր մասնակիցների ցանկում՝ անկախ տարիքից։ Նրանց նկատմամբ նույնպես կա խտրական վերաբերմունքի դրսևորում, քանի որ նրանց օգտին պետբյուջեից հավելյալ վճար չի կարարվելու»,– եզրակացնում է նա։

Պարտադիրի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չեն համարվում զինվորական ծառայողները և նրանց հավասարեցված անձինք՝ ոստիկանները, վարժական հավաքների կանչված զինապարտները, պաշտպանության մարտական գործողությունների մասնակիցները, քրեակատարողական հիմնարկների ծառայողները, ԴԱՀԿ հարկադիր կատարողները։

Փաստաբանը նկատում է, որ օրենքում նշված չէ, թե հիշյալ խմբի անձանց կուտակային կենսաթոշակի հետ կապված հարցերը ո՞ր օրենքով են կարգավորվում, ինչպես նաև պարզ չէ, թե ինչո՞ւ է նրանց նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերվել։ 

Շարունակելի։

Աղբյուրը՝ www.hra.am