Նորություններ

Կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը հակասահմանադրական է. ՍԴ որոշումը

02.04.2014

Ապրիլի 2-ին ՀՀ Սահմանադրական դատարանը Սահմանադրության հակասող և անվավեր ճանաչեց «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ:

Մասնավորապես, հակասահմանադրական ճանաչվեց կուտակային կենսաթոշակների պարտադիր բաղադրիչը, քանի որ սահմանափակվում է անձի հայեցողությամբ իր սեփականությունը հանդիսացող դրամական միջոցները ազատ տնօրինելու իրավունքը:

Հակասահմանադրական է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ կետի՝ «...որի տնօրինման ...կարգն ու պայմանները սահմանում է ՀՀ կառավարությունը» դրույթը և 44-րդ հոդվածի 1-ին մասը, քանի որ Սահմանադրության 83.5 հովածն ասում է, որ բացառապես ՀՀ օրենքներով են սահմանվում ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքներն իրականացնելու և պաշտպանելու պայմանները և կարգը:

Սահմանադրությանը հակասող ճանաչված իրավանորմերի ուժը կորցնելու վերջնաժամկետ նշանակվեց 2014թ. սեպտեմբերի 30-ը` ժամանակ տալով ՀՀ Ազգային ժողովին և Կառավարությանը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի և դրա հետ փոխկապակցված շուրջ 50 այլ օրենքների և 80-ից ավելի նորմատիվ իրավական ակտերի իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին։

Բացի այդ, որոշման մեջ նշված է, որ նոր իրավակարգավորումներից ելնելով` վերահաշվարկման են ենթակա մինչ այդ կատարված կուտակային վճարները:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի 36 պատգամավորներ 2013թ. դեկտեմբերի 16-ին դիմել են ՍԴ՝ առաջարկելով «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5–րդ, 7–րդ, 8–րդ, 37–րդ, 38–րդ, 45–րդ, 49–րդ և 86–րդ հոդվածները ճանաչել ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր։

Մանրամասները` նախորդ հրապարակումներում:

Որոշման եզրափակիչ մասը` այստեղ:

Աղբյուրը՝ www.hra.am