Նորություններ

Բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ

09.04.2014

Մարդու իրավունքների պաշտպանի և քաղաքացի Արման Մնացականովի հաղորդումների հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը): Այս մասին հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքը։
Ըստ քաղաքացի Ա. Մնացականովի հաղորդման` 2014թ. մարտի 24-ին, ժամը 13:00-ի սահմաններում, ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման ստորաբաժանման շենքում պետական հատուկ ծառայություն իրականացնող երկու անձ բռնություն են գործադրել իր նկատմամբ` ձեռքերով հարվածներ հասցնելով իր գլխին: Կատարվում է նախաքննություն:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հաղորդում էր ուղարկել ՀՔԾ և Արդարադատության նախարարություն՝ հայտնելով, որ մարտի 24-ին այլընտրանքային պատիժների կատարման բաժնի ծառայողների կողմից քաղաքացին ծեծի է ենթարկվել։

Աղբյուրը՝ www.hra.am