Նորություններ

Այլընտրանքային պատիժների կատարման բաժնի երկու աշխատակից ազատվել են աշխատանքից, պետը խիստ նկատողություն է ստացել

10.04.2014

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Մալաթիա-Սեբաստիա բաժանմունքի պետ Տիգրան Մալխասյանը և նույն բաժնի Կենտրոն և Նորք-Մարաշ բաժանմունքի պետ Տիգրան Պետրոսյանն ազատվել են աշխատանքից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի Շենգավիթ բաժանմունքի պետ Գևորգ Մաթևոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Մարդու իրավունքների պաշտպանը ՀՔԾ և Արդարադատության նախարարություն հաղորդում էր ուղարկել այն մասին, որ իրեն դիմած քաղաքացին հայտնել է, թե Քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի մի քանի աշխատակիցներ իրեն ծեծել են և հայհոյել։ Նույն օրը արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի հրամանով նշանակվել էր ծառայողական քննություն։

ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության անցկացրած ծառայողական քննության արդյունքում պարզվել է նաև, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հատուկ նշանակության բաժնի առաջին կարգի մասնագետ Ռոբերտ Թամարյանը ներկա չի եղել մարտի 24-ին տեղի ունեցած միջադեպին, ուստի ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանի ապրիլի 7-ի հրամանը՝ Թամարյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, հանվել է:

Նշենք, որ պաշտպանի ծանուցման հիման վրա ՀՔԾ–ում դեպքի առթիվ քրեական գործ է հարուցված ՀՀ Քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորությունների անցումը)։

Աղբյուրը՝ www.hra.am