Նորություններ

Պաշտոնանկություն և խիստ նկատողություն՝ Բյուրեղավանի գիշերօթիկում հայտնաբերված խախտումների համար

02.05.2014

Արտեմ Ասատրյանը, photo by gov.am

Հաշվի առնելով երեխաների խնամքի և պաշտպանության աշխատանքներում արձանագրված թերությունները, կոլեկտիվում ստեղծված անառողջ մթնոլորտը, պաշտոնական պարտականությունների ոչ պատշաճ իրականացումը` «Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ–ի տնօրեն Գայանե Մարգարյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հրամանով ազատվել է աշխատանքից:

Նախարարի մեկ այլ հրամանով` ծառայողական պարտականությունները անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանին հայտարարվել է խիստ նկատողություն:

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայքը։

«Երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք»,–ասված է նախարարության հաղորդագրության մեջ: 

Միաժամանակ նշվում է, որ ՀՀ կառավարության որոշմամբ մինչև 2014թ. հուլիսի 1-ը կավարտվի խնամքի հաստատություններում պաշտոնների անվանացանկերի և պաշտոնների նկարագրերի հաստատման գործընթացը, ինչը հնարավորություն կտա խնդիրներին տալ ամբողջական և համակարգային լուծումներ:

ՀՀ կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ` խիստ նկատողություն։

Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտարարություն էր տարածել Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունում երեխաների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումների մասին։

Մայիսի 2-ին վարչապետ Հովիկ Աբրահամյանն անակնկալ այցելել է Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն: Նրան ուղեկցել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը:

Աղբյուրը՝ www.hra.am