Նորություններ

Հայտնի է «Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատական նիստի օրը

21.05.2014

Մայիսի 30-ին, ժամը 12։00-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում նշանակված է «Հարսնաքարի» գործով վերաքննիչ դատական առաջին նիստը։ Գործով վեց ամբաստանյալները դիմել են դատարան՝ պահանջելով բեկանել Ավան և Նոր–Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ 24.03.2014թ. կայացրած վճիռը։

Հիշեցնենք, որ Գարիկ Մարգարյանին,Դավիթ Ադամյանին, Արթուր Բաբլոյանին, Արման Բաղդասարյանին, Արման Խաչատրյանին և Նորայր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ավտոկայանատեղիում ծեծի են ենթարկել Վահե Ավետյանին, Արտակ Բայադյանին, Գարիկ Սողոմոնյանին, Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին` Վահե Ավետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է վերջինիս մահը, Արտակ Բայադյանի և Գարիկ Սողոմոնյանի առողջությանը պատճառելով միջին ծանրության վնաս` առողջության տևական քայքայումով, իսկ Արկադի Աղաջանյանին և Էդգար Նիկոյանին ծեծի արդյունքում մարմնական վնասվածքներ չեն պատճառվել:

Առաջին ատյանի դատարանը գործով բոլոր ամբաստանյալներին էլ մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 14-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 118 հոդվածով՝ պատիժ նշանակելով ազատազրկում 12 տարի ժամկետով և տուգանք` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով` 100 000 ՀՀ դրամ։

Վերաքննիչ բողոքով բոլոր ամբաստանյալները պահանջում են բեկանել առաջին ատյանի դատարանի վճիռը և կայացնել դատական նոր ակտ.

  • Նորայր Հայրապետյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, 118 -րդ հոդվածով և նշանակել արդարացի պատիժ,  
  • Դավիթ Ադամյանին ճանաչել անմեղ,
  • Գարիկ Մարգարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 113 հոդվածի 1-ին մասով,
  • Արթուր Բաբլոյանի նկատմամբ կիրառել «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ ԱԺ որոշումը և Արթուր Բաբլոյանի մասով կարճել քրեական գործի վարույթը կամ նշանակել մեղմ պատիժ, կիրառել ՀՀ ՔՕ-ի 70-րդ հոդվածի կանոնները` նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել,
  • Արման Խաչատրյանի քրեական հետապնդումը դադարեցնել՝ կայացնելով արդարացման դատական ակտ,
  • Արման Բաղդասարյանի վերաբերյալ կայացնել արդարացման դատական ակտ կամ գործը նրա մասով ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Աղբյուրը՝ www.hra.am