Նորություններ

Գրիշա Վիրաբյանի գործն ուղարկվել է նոր քննության. yerkir.am

02.06.2014

Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանին խոշտանգումների ենթարկելու գործը նոր նախաքննության կուղարկվի: Այս մասին Yerkir.am-ին է ասել Վիրաբյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը։

Նա հայտնել է, որ մայիսի 22-ին Երևանի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է իրենց հայցը, որով պահանջում էին, հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ ընդդեմ Հայաստանի վճիռը, Վիրաբյանին խոշտանգելու վերաբերյալ գործը կարճելու մասին 2005թ. կայացված որոշումն անհիմն ճանաչել և ուղարկել պատշաճ նախաքննության: 

Հիշեցնենք, որ 2004 թվականին Գ. Վիրաբյանը` որպես ՀԺԿ անդամ և Ստեփան Դեմիրճյանի վստահված անձ, մասնակցել է ցույցերի, ինչի պատճառով նրան ապրիլի 23-ին ոստիկանության Արտաշատի բաժին են կանչել: Այստեղ, Վիրաբյանի պնդմամբ, իրեն խոշտանգել են, փորձել ինչ-որ ցուցմունքներ կորզել, ինչի հետևանքով նրա առողջությանը վնաս է պատճառվել։

2012 թվականի հոկտեմբերի 2-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Հայաստանի դեմ կայացրած վճռով հաստատվել է, որ 2004թ.–ին Ոստիկանության Արտաշատի բաժնում Գրիշա Վիրաբյանի նկատմամբ կիրառվել է խոշտանգում, խախտվել է նրա՝ անմեղության կանխավարկածի և արդար դատաքննության իրավունքը:

ՄԻԵԴ–ը ՀՀ-ին պարտավորեցրել է Վիրաբյանին տրամադրել 31 հազար եվրո փոխահատուցում։

Վիրաբյանը մի շարք հրապարակումներում պնդել է, որ իրեն խոշտանգող ոստիկաններից է եղել Երևանի ներկայիս ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը:

Մանրամասները` yerkir.am կայքում:

Աղբյուրը՝ www.hra.am