Նորություններ

Աֆրիկյանների շենքի պահպանման համար պայքարողները կարող են մեղադրվել ուրիշի գույքը վնասելու մեջ

10.06.2014

Photo by PhotoLur

Երևանի կենտրոնում գտնվող ճարտարապետական եզակի հուշարձաններից մեկի՝ Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման համար պայքարող ակտիվիստները հունիսի 9-ի երեկոյան ոստիկանության բաժին բերման ենթարկվելուց հետո ազատ են արձակվել։

Ոստիկանության տեղեկատվության և հասարակայության հետ կապերի վարչությունից «Փաստինֆոյին» հայտնել են, որ քրեական գործ դեռևս հարուցված չէ, սակայն նյութեր են նախապատրաստվում Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի հատկանիշներով (ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը):

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մի խումբ ակտիվիստներ, բողոքելով պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի ապամոնտաժման դեմ, փորձել են քանդել շենքի շուրջ դրված շինարարական ցանկապատի թիթեղները: Դեպքի վայր ժամանած ոստիկանները կանխել են ակտիվիստների գործողությունները՝ 11 հոգու բերման ենթարկելով ոստիկանություն։

Ավելի վաղ «Պահպանենք Աֆրիկյանների ակումբի շենքը» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով բոլոր մտահոգ քաղաքացիներին «ոտքի կանգնել և փրկել Երևանի պատմության վերջին բեկորները»:

Նախաձեռնության անդմաներն այլևս չեն հավատում Երևանի քաղաքապետարանի հավաստիացնումներին, թե իբր ապամոնտաժված շենքի թվագրված քարերը տեղափոխվելու են այլ վայր և շենքը վերականգնվելու է, քանի որ նույն բախտին արժանացած շենքերը այդպել էլ չեն վերականգնվել:

«Պետք է այսօր վերջ դնել մեր քաղաքի անցյալն ու ապագան վտանգող կամայականություններին: Այս խնդիրը միայն մեկ ճարտարապետական հուշարձանի մասին չէ, այն մեր՝ իրավագիտակից հանրության սեփական մշակութային ժառանգությունը պահպանելու և տնօրինելու իրավունքի մասին է»,– ասված էր նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ www.hra.am