Նորություններ

Պաշտպանին ահազանգել են, որ մայրը դաժանաբար ծեծում է իր երեխաներին

23.06.2014

Քրեական գործ է հարուցվել մոր կողմից սեփական երեխաներին ծեծի ենթարկելու միջադեպի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ իրենց 116 թեժ գծին ահազանգ էր ստացվել այն մասին, որ մայրը պարբերաբար ու դաժանաբար ծեծում է իր երեք երեխաներին:

Օմբուդսմենի ներկայացուցիչներն այցելել են երեխաներին և տեղում արձանագրել, որ 7 տարեկան երեխայի վրա կան ծեծի հետքեր ու խորը սպիներ: Զրույցի ընթացքում մայրը չի հերքել, որ ծեծում է երեխաներին:

Երեխաների հայրը մահացել է, իսկ տատիկը մարդու իրավունքների պաշտպանին խնդրել է աջակցել երեխաներից երկուսի խնամակալությունը ստանձնելու հարցում: 

Պաշտպանի ու Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի համատեղ աշխատանքի արդյունքում տատիկը ստանձնել է երկու երեխայի խնամակալությունը: 

Մյուս երեխային, ով 2 տարեկան է, փորձ է արվում տեղավորել գիշերօթիկ մանկապարտեզում, հայտնում է պաշտպանի գրասենյակը։

Աղբյուրը՝ www.hra.am