Նորություններ

«Ակցիայի մասնակիցների նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել և գործադրվել բռնություն». հայտարարություն

24.06.2014

Photo by PAN photo

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը տարածել է հայտարարություն, որով դատապարտում է ոստիկանների գործողությունները «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ:

«Հունիսի 23-ին, ժամը 13.50-ի սահմաններում «Կանխենք էլեկտրաէներգիայի թանկացումը» ակցիայի ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց ակցիայի մասնակիցների և ոստիկանների միջեւ տեղի են ունեցել բախումներ: Արդյունքում, ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացիների, այդ թվում Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի անդամ Արա Կարագյոզյանի նկատմամբ անհամաչափ ուժ է կիրառվել և գործադրվել բռնություն: Արդյունքում մի շարք քաղաքացիներ անօրինական կերպով բերման են ենթարկվել ոստիկանություն, իսկ Ա. Կարագյոզյանը տեղափոխել է «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց:

«Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպությունը դատապարտում է ոստիկանների նման ոչ օրինական գործելաոճը եւ ՀՀ ոստիկանապետից պահանջում է կատարել դեպքի լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, իսկ իրավախախտում թույլ տված ոստիկաններին՝ ենթարկել օրենքով սահմանված պատասխանատվության»,– մասնավորապես ասված է կազմակերպության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ www.hra.am