Նորություններ

ՔՀԻ–ն առաջարկել է Ոստիկանապետին կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների դեմ Սարյան փողոցում կատարվածի առիթով

26.06.2014

ՔՀԻ նախագահ Արման Դանիելյանը

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը հունիսի 25-ին նամակով դիմել է ՀՀ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին՝ իր մտահոգությունը հայտնելով վերջին օրերին տեղի ունեցած հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգ պահպանող ոստիկանների գործողությունների, մասնավորապես՝ ցուցարարների նկատմամբ ուժի կիրառման վերաբերյալ։

Նամակին կից ներկայացնելով հունիսի 23-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի մոտ (Սարյան 22) տեղի ունեցած իրադարձությունների և իրավապահների գործողությունների վերաբերյալ հավաքագրված տեսանյութերը՝ Արման Դանիելյանն առաջարկել է կարգապահական վարույթ հարուցել ոստիկանների կողմից հնարավոր օրինազանցության դեպքերի քննության նպատակով:

Հավելենք, որ ավելի վաղ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտը», կարևորելով Ոստիկանության աշխատանքների նկատմամբ հասարակական վերահսկողությունը, դիմում էր ներկայացրել ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար և ՀՀ կառավարության 2014 թվականի մայիսի 8-ի «2014 թվականի Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում ընդգրկվող հասարակական միավորումների, ներկայացուցիչների թեկնածությունները հաստատելու մասին» թիվ 507-Ա որոշման համաձայն՝ կազմակերպության նախագահ Արման Դանիելյանը ընդգրկվել էր այդ հանձնաժողովի կազմում: 

Սակայն մինչ օրս վերոնշյալ հանձնաժողովը ոչ մի նիստ չի հրավիրել կամ ՔՀԻ–ն չի տեղեկացվել այդ մասին։

Աղբյուրը՝ www.hra.am