Նորություններ

Պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ դատավորի հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ

29.07.2014

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լ.Ավետիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը): Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ պաշտոնական կայքը։

Դատավորի հաղորդման համաձայն` ծանրացուցիչ հանգամանքներում մարդու առևանգման և շորթման մեջ մեղադրվող Հայկ Գ.-ի և առևանգմանը օժանդակելու մեջ մեղադրվող Անի Ն.-ի վերաբերյալ դատարանի վարույթում գտնվող քրեական գործի դատաքննության ընթացքում ամբաստանյալ Անի Ն.-ն, վկաներ Լուսինե Ս.-ն և Ստեփան Թ.-ն հայտնել են, որ քրեական գործի նախաքննության ընթացքում իրենց ապօրինի պահել են ոստիկանության բաժնում, հարցաքննել գիշերային ժամերին, սպառնացել են, կիրառել քննությանը խորթ մեթոդներ: 

Հատկանաշական է, որ Անի Ն.-ն, Լուսինե Ս.-ն և Ստեփան Թ.-ն նախաքննության ընթացքում տվել են Հայկ Գ.-ի դեմ ցուցմունքներ, իսկ դատավարության ընթացքում հրաժարվել են այդ ցուցմունքներից:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահման ված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am