Նորություններ

Լրագրողական կազմակերպություններն արձագանքել են լրագրողի նկատմամբ բռնության միջադեպին

12.09.2014

Photo by hetq.am

Լրագրողական կազմակերպություններն այսօր հայտարարություն են տարածել՝ մտահոգություն հայտնելով սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի մուտքի դիմաց «Հակահարված» խմբի անցկացրած ակցիայի ընթացքում «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելու միջադեպի առնչությամբ։

Նրանք Ազգային ժողովից պահանջում են պատասխանատվության ենթարկել բռնություն գործադրած անձին՝ ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանին և բացառել նմանատիպ դեպքերի կրկնությունը հետագայում, իսկ Դատախազությունից պահանջում են իրենց հայտարարությունը համարել հաղորդում հանցագործության մասին։

«Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի», «Երևանի մամուլի ակումբի», «Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի», «Լրագրողների «Ասպարեզ» ակումբի», «Բազմակողմանի տեղեկատվութան ինստիտուտ – Հայաստանի», «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ–ների և «Ա1+» հեռուստաընկերության համատեղ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.

«Սեպտեմբերի 9-ին ՀՀ Ազգային ժողովի Բաղրամյան փողոցի մուտքի մոտ՝ «Հակահարված» խմբի ակցիան լուսաբանելիս բռնություն է գործադրվել «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Մարինե Խաչատրյանի նկատմամբ: Ակցիայի կազմակերպիչները «Բարև Ռոբ» գրությամբ պաստառով հիշեցնում էին 13 տարի առաջ «Պապլավոկ» սրճարանում այդ կերպ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ողջունած Պողոս Պողոսյանի սպանությունը։

Լրագրողը նկարահանում էր խորհրդարանի դարպասին փակցված պաստառը, ինչպես նաև խորհրդարանի տարածքից այնտեղ շտապող անձնավորությանը, երբ վերջինս, պաստառը պոկելով՝ հարձակվել է նրա վրա, հարվածել ձեռքին և գետնին գցել նկարահանող սարքը:

Իր աշխատանքը կատարող լրագրողի հանդեպ բացահայտ ագրեսիա դրսևորած և բռնություն գործադրած անձը միջադեպին ներկա գտնվողների պահանջով ներկայացել է որպես «անվտանգության աշխատակից»: Ավելի ուշ պարզվել է, որ նա ԱԺ անվտանգության ծառայության պետ Կարեն Հայրապետյանն է:

Մենք՝ ներքոստորագրյալներս, խստորեն դատապարտում ենք բռնությունը, այն համարում ենք լրագրողի մասնագիտական աշխատանքի խոչընդոտում, հետևաբար՝ քրեորեն պատժելի արարք:

Հաշվի առնելով վերոգրյալը, պահանջում ենք.

- ՀՀ Ազգային ժողովից՝ պատասխանատվության ենթարկել նշված անձնավորությանը և միջոցներ ձեռնարկել հետագայում նման միջադեպերը բացառելու նպատակով,

- ՀՀ դատախազությանից՝ սույն հայտարարությունը դիտել որպես հաղորդում հանցագործության մասին»։

Տեսանյութը՝ hetq.am–ի։

Աղբյուրը՝ www.hra.am