Նորություններ

Խոշտանգումների կանխարգելում. ՄԱԿ–ի մարդու իրավունքների հարցերով մարմինը դադարեցնում է Ադրբեջան կատարած այցը՝ վկայակոչելով պետության կողմից ստեղծված խոչընդոտները

18.09.2014

ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն (ԽԿԵ) որոշել է դադարեցնել Ադրբեջան իրականացվող այցը՝ «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունից բխող իրավասությունների իրականացման ժամանակ հանդիպելով խոչընդոտների։

ԽԿԵ պատվիրակությանը խոչընդոտել են այցելել մի քանի վայրեր, որտեղ պահվում են ազատությունից զրկված անձինք, թույլ չեն տվել աշխատանքն ավարտել մի քանի այլ վայրերում՝ չնայած պատվիրակության անդամների բազմաթիվ փորձերին և Ադրբեջանի իշխանությունների հավաստիացումներին, որ նրանք անարգել մուտք ունեն բոլոր ազատազրկման վայրեր։ Ադրբեջանի կողմից Կամընտիր արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների լուրջ խախտումների պայմաններում ենթակոմիտեն եզրակացրել է, որ սեպտեմբերի 8-17-ը ծրագրավորված այցի ամբողջականությունն այն աստիճան է վտանգված, որ այցը պետք է դադարեցվի։ 

Պատվիրակության անդամներն իրենց աշխատանքը դադարեցրել են սեպտեմբերի 14-ին, սակայն որոշ անդամներ մնացել են Ադրբեջանում՝ փորձելով հետագա երկխոսություն հաստատել ադրբեջանական իշխանությունների հետ՝ իրենց տրամադրության տակ եղած տեղեկատվության հիման վրա։ Սեպտեմբերի 16-ին պատվիրակության ղեկավար Աիշա Շուջուն Մուհամմադը հանդիպել է Արտաքին գործերի նախարարի տեղակալի հետ։

ԽԿԵ–ն ակնկալում է, որ Ադրբեջանը կկատարի Կամընտիր արձանագրության շրջանակներում ստանձնած միջազգային պարտավորությունները և կառուցողական երկխոսության կգնա ենթակոմիտեի հետ՝ ազատազրկման վայրերում խոշտանգումների և դաժան վերաբերմունքի կանխարգելման նպատակով։ ԽԿԵ–ն Կամընտիր արձագանգրությամբ իրավասություն ունի այցելություններ կատարելու և պետական մարմիններին առաջարկություններ ներկայացնելու ազատազրկման վայրերում խոշտանգումների և վատ վերաբերմունքի ռիսկի կանխարգելման արդյունավետ երաշխիքներ ստեղծելու ուղղությամբ։

ԽԿԵ՝ Ադրբեջանի հանրապետություն այցելած պատվիրակության կազմում էին պատվիրակության ղեկավար Աիշա Շուջուն Մուհամմադը, պատվիրակության անդամներ Միլոս Յանկովիչը, Մարգրետ Սուզուկո Օստերֆելֆը, Միգել Սար–Իգուինիզը և Վիկտոր Զահարիան։

Հիշեցնենք, որ Հայաստանը նույնպես վավերացրել է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ» կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը, և 2013թ. սեպտեմբերի 3-6–ը ԽԿԵ–ն առաջին անգամ այցելել է Հայաստան։

Լրացուցիչ տեղեկատվություն

Խոշտանգումների կանխարգելման կոնվենցիայի Կամընտիր արձանագրությունը վավերացվել է 73 պետությունների կողմից։ Պետություն կատարած այցից հետո ԽԿԵ–ն կոնֆիդենցիալ զեկույցով իր առաջարկությունները և դիտողությունները ներկայացնում է պետությանը, անհրաժեշտության դեպքում նաև՝ խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմին։ Մասնակից պետությունները կարող են դիմել այդ զեկույցները հրապարակելու պահանջով, և դա խրախուսվում է ԽԿԵ կողմից։

ԽԿԵ մասին հավելյալ տեղեկատվություն

Աղբյուրը՝ www.hra.am