Նորություններ

Հացադուլ հայտարարած ցմահ դատապատյալների մի մասը դիմում է ներկայացրել

23.09.2014

Սեպտեմբերի 22-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում ցմահ ազատազրկման դատապարտված 29 անձ հացադուլ է հայտարարել: Սոցիալ-հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցների բացատրական աշխատանքների արդյունքում նրանցից 11–ը հացադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել: Այս մասին www.hra.am –ին տեղեկացրեցին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։

Հացադուլով նրանք երկրի ղեկավարի ուշադրությունն են ուզում հրավիրել ցմահ դատապարտյալների խնդիրների վրա և պահանջում են, որպեսզի ՀՀ նախագահը բանիմաց և վստահելի իրավագետ ուղարկի իրենց հետ հանդիպման։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21–ին Forrights.am կայքը հրապարակել էր տեղեկատվություն, համաձայն որի՝ սեպտեմբերի 22-ին շուրջ 40 ցմահ դատապարտյալներ անժամկետ հացադուլ են սկսելու։

Կայքը հրապարակել է նրանց նամակն ուղղված ՀՀ նախագահին, որում ասվում է, որ նրանք այդ քայլին են դիմում «ծայրահեղ անհուսությունից դրդված», քանի որ տարիներ շարունակ իրենց կողմից բարձրացված խնդիրներն անտեսվել են և լուծում չեն ստացել, իսկ իրավասու պաշտոնյաները միշտ ասել են, որ «իրենց կողմից ամեն ինչ արված է և իրենք «նախագահականի» կողմից ցուցումի են սպասում»։

«Հարգելի՛ պարոն նախագահ, տարիներ շարունակ խաբված ու հուսալքված լինելով, մենք չենք հավատում, որ Ձեզ պատշաճ ձևով ներկայացվել է ճշմարտացի իրականությունը տվյալ խնդրի վերաբերյալ: Այդ պատճառով խնդրում ենք Ձեր կողմից վստահված, գործի մանրամասներին լավատեղյակ, բանիմաց իրավագետ գործուղել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` ցմահ բանտարկյալների հետ հանդիպման. մենք լիարժեք ու ամբողջական կներկայացնենք փաստացի պատկերը` դրանով իսկ օգնելով ու աջակցելով Ձեր թիմի իրավագետներին օրենքների ու որոշումների միջոցով վերահաստատելու արդարությունն այս դժվարին ու ճակատագրական հարցում»,– ասված է ցմահ դատապարտված անձանց համատեղ նամակում։

Աղբյուրը՝ www.hra.am