Նորություններ

Ն.Դուրյանը ներկայացրեց անչափահասների կողմից կատարված իրավախախտումների վիճակագրությունը

25.09.2014

Photo by police.am

«Ոստիկանությունում պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասների քանակը տարեցտարի նվազում է։ Եթե տարիներ առաջ մենք ունեինք մոտ 1200 հաշվառված անչափահաս, ապա այսօր այդ թիվը շուրջ 330 է։ Դա կատարված աշխատանքի արդյունք է, համայնքային վերականգնողական կենտրոնների աշխատանքի արդյունքն է»,– ասում է Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ Նելլի Դուրյանը։

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողներին ներկայացրեց 2014թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության կատարած աշխատանքները։

Ըստ Նելլի Դուրյանի ներկայացրած վիճակագրության՝ 2014թ. առաջին ութ ամիսների ընթացքում արձանագրվել է անչափահասների կողմից իրավախախտում կատարելու 243 դեպք, անցած տարվա 241 դեպքի դիմաց։ Հանցագործություն կատարած անչափահասների թիվը եղել է 160՝ անցած տարվա համեմատ՝ 20-ով պակաս:

Գողության դեպքերը նվազել են 15-ով. այս տարի գրանցվել է 116 դեպք։ Մարմնական վնասվածք հասցնելու դեպքերն աճել են. այս տարի գրանցվել է 28 դեպք, նախորդ տարի նույն ժամանակահատվածում՝ 11-ով պակաս էր։ Գրանցվել է նաև ավազակային հարձակման 2, անօրինական զենք կրելու 7, թմրանյութ պատրաստելու, իրացնելու 3, ավտոմեքենա փախցնելու 4 դեպք:

«Վերջին ժամանակներս հասարակական վայրերում բավականին շատ հայտնաբերվում են կռփազենքեր, որոնք անչափահասները կրում են իրենց հետ, ոստիկանության աշխատակիցները հայտնաբերել են կռփազենք կրելու 17 դեպք և սուր–կտրող գործիքներ կրելու 12 դեպք»,– նշեց ոստիկանության գնդապետը։

Մուրացկանությամբ զբաղվող անչափահասների թիվը 5-ով ավելացել է. այս տարի հայտնաբերվել և հաշվառվել է մշտապես մուրացկանությամբ զբաղվող 18 անչափահաս։

Նելլի Դուրյանը նշեց, որ եթե նախկինում ոստիկանությունը միայնակ էր բացահայտում և զբաղվում մուրացիկ և թափառաշրջիկ երեխաների հարցերով, ապա այժմ ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որում ներգրավված են բոլոր շահագրգիռ նախարարությունների, մարզպետարանների երեխաների պաշտպանության բաժինների աշխատակիցներ՝ ռիսկային իրավիճակում հայտնված երեխաների աջակցելու համար։

Ոստիկանության գնդապետի խոսքերով՝ պրոֆիլակտիկ հաշվառման մեջ գտնվող անչափահասցերի քանակը տարեցտարի նվազում է։ Եթե տարիներ առաջ հաշվառված անչափահասների թիվը անցնում էր հազարը, ապա այսօր այդ թիվը շուրջ 330 է։ Դա, նրա խոսքերով, ոստիկանության և համայնքային վերականգնողական կենտրոնների համատեղ աշխատանքի արդյունքն է։

«Եթե նախկինում ամեն փոքր զանցանքի համար անչափահասը կարող էր հաշվառման վերցվել, հիմա ուղղակի կանխարգելիչ աշխատանքներ են տարվում. դա կարող է լինել բացատրական աշխատանք կամ ուղղորդում վերականգնողական կենտրոններ, որտեղ նրանց հետ աշխատում է մասնագետների խումբ՝ սոցիալական աշխատող, մանկավարժ, հոգեբան և, իհարկե, ոստիկան»,– նշում է Նելլի Դուրյանը։

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետն ընդգծում է, որ տարեցտարի նվազում է հանցագործություն կատարած անչափահասների և անչափահասների կողմից կատարված ծանր հանցագործությունների թիվը։

Այժմ ՀՀ–ում ունենք դատապարտված 10 անչափահաս, որոնք իրենց պատիժն են կրում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Բոլորը մեղավոր են ճանաչվել ծանր հանցագործություններ կատարելու մեջ։

Աղբյուրը՝ www.hra.am