Նորություններ

Ընտանեկան բռնության դեմ ոստիկանության պայքարը կկարգավորվի նոր իրավական ակտով

25.09.2014

Սեպտեմբերի 25-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը լրագրողներին ներկայացրեց 2014թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության կատարած աշխատանքները։

Անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչությունը ստեղծվել է 2013թ. փետրվարին, որն աշխատանքներ է իրականացնում ընտանեկան բռնության դեպքերի կանխարգելման, բացահայտման, հաշվառման և համապատասխան աշխատանքների իրականացման ուղղությամբ։

Վարչության պետ Նելլի Դուրյանի ներկայացրած վիճակագրության համաձայն՝ 2013թ. 12 ամիսների ամիսների ընթացքում արաձանագրվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 2054 դեպք, որից 580-ը ընտանեկան բռնության դեպքեր են։ Անչափահասների նկատմամբ բռնության դեպքերը 245-ն են, որից 21-ը ընտանիքում է գործադրվել։

2014թ. ութ ամիսների ընթացքում գրանցվել է իգական սեռի ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1501 դեպք, որից 374-ը՝ ընտանեկան բռնության դեպքեր են, իսկ անչափահասների նկատմամբ՝ 138 դեպք, որից 7-ը գործադրվել է ընտանիքում։

Նելլի Դուրյանը նշում է, որ նախկինում այս ուղղությամբ ոստիկանության ծառայողներն աշխատել են հրամանի հիման վրա, որը բավականին հին է և չի անդրադառնում ընտանեկան բռնության դեպքերին։ Այժմ, նրա խոսքերով, մշակվում է անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության աշխատակիցների ֆունկցիոնալ պարտականություններն ամրագրող իրավական ակտ, որովիրենք կառաջնորդվեն ապագայում։

Աղբյուրը՝ www.hra.am