Նորություններ

Հարուցվել է քրեական գործ՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ

09.10.2014

«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով (լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելը)։ Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

«ՀԺ» օրաթերթի լրագրող Թագուհի Հովհաննիսյանը 2014թ. հոկտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. սեպտեմբերի 19-ին Երևանի «Ալեքսանդր Սպենդիարյանի» անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի շենքում՝ «Հայաստան-սփյուռք» համաժողովի աշխատանքների լուսաբանման ընթացքում, Ղազախստանի հայկական համայնքի «Նաիրի» ասոցիացիայի ղեկավար Արտյուշա Կարապետյանը խոչընդոտել է իր լրագրողական գործունեությանը։

Ըստ լրագրողի հաղորդման՝ Ա.Կարապետյանին ուղղված հարցից հետո, վերջինս ձայնագրիչը լրագրողի ձեռքից վերցրել է, այնուհետև ջնջել է բջջային հեռախոսով արված՝ տվյալ գործողության վերաբերյալ տեսաձայնագրությունը, ինչը խոչընդոտել է իր լրագրողական մասնագիտական օրինական գործունեությանը:

Նկատի ունենալով, որ լրագրող Թ.Հովհաննիսյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առկա են քրեական գործ հարուցելու հիմքեր, Կենտրոնի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով։ Կատարվում է նախաքննություն։

Աղբյուրը՝ www.hra.am