Նորություններ

Արման Դանիելյանը վերընտրվել է որպես ՄԱԿ–ի խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամ

29.10.2014

Photo by CSI

Հոկտեմբերի 23-ին Ժնևում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման ենթակոմիտեի անդամների ընտրությունը։

«Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ (Հայաստան) նախագահ Արման Դանիելյանը վերընտրվել է որպես ենթակոմիտեի անդամ 4 տարի ժամկետով։ Նա ենթակոմիտեի անդամ է հանդիսանում 2011թ.–ից։

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեն ՄԱԿ-ի կարևորագույն մեխանիզմներից է, որի նպատակն է կանխել խոշտանգումները և այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքը կամ պատիժը անդամ պետություններում, ազատազրկման մեջ գտնվող անձանց պահման վայրեր պարբերական այցելություններ կատարելու միջոցով: Այն իր աշխատանքը սկսել է 2007թ. փետրվարից։

Խոշտանգումների կանխարգելման ենթակոմիտեի անդամների թիվը 25–ն է, այն ՄԱԿ-ի ամենամեծ հանձնաժողովն է։

ՄԱԿ-ի Խոշտանգումների, դաժան և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման դեմ կոնվենցիայի Կամընտիր արձանագրությանը միացել է 70-ից ավելի պետություն։

Հայաստանի Հանրապետությունը Կամընտիր արձանագրությունը վավերացրել է 2006թ.-ին, և Արման Դանիելյանն առաջին փորձագետն է Հայաստանից, ով ներկայացված է ենթակոմիտեում։

Աղբյուրը՝ www.hra.am