Նորություններ

Արդարադատության նախարարն ու ԵԽ ներկայացուցիչը քննարկել են երկկողմ հետաքրքրության հարցեր

29.10.2014

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հոկտեմբերի 28-ին ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարության ծրագրերի տնօրինության ղեկավար Վերենա Թեյլորի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ժամանակ քննարկվել են հետագա համագործակցության հարցեր: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերը, մարդու իրավունքների պաշտպանության խթանման, կոռուպցիայի դեմ պայքարի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարարն առանձնացրել է նաև քրեակատարողական համակարգի բարելավմանն ուղղված միջոցառումները և նշել, որ առաջիկա տարիներին նախատեսվում է քրեակատարողական նոր հիմնարկների շինարարություն:

«Այս տարի ծրագրում ենք շահագործման հանձնել մոտ 400 դատապարտյալի համար նախատեսված «Արմավիր» ՔԿՀ-ի առաջին մասնաշենքը: Նախատեսում ենք նաև օրենսդրական բարեփոխումներ, որոնց արդյունքում կբարձրանա քրեակատարողական ծառայության արդյունավետությունը, կբարեփոխվի պատժից պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը»,- նշել է նա:

Հովհաննես Մանուկյանը ներկայացրել է նաև պրոբացիոն ծառայության ներդրման ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու ընդգծել, որ ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածության խնդրի լուծմանը, այլև կալանքին այլընտրանք համարվող խափանման միջոցների առավել լայն կիրառմանը՝ նվազեցնելով նախնական կալանքների թիվը:

Վերենա Թեյլորը հետաքրքրվել է՝ արդյո՞ք ՀՀ կառավարության և քաղաքացիական հասարակության միջև առկա է երկխոսություն: Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարությունը որդեգրել է որոշումների կայացման հարցում հանրային սեկտորի հետ համագործակցության քաղաքականություն։ Համագործակցության օրինակներից մեկը ՀՀ արդարադատության նախարարին կից ստեղծված հանրային խորհուրդն է, որի կազմում ընդգրկված են ոլորտում գործող հասարակական կազմակերպությունները:

Աղբյուրը՝ www.hra.am