Նորություններ

Ոստիկանության աշխատակիցը խոշտանգումների է ենթարկել քաղաքացուն և կեղծել արձանագրությունները. ՀՔԾ

04.11.2014

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արմեն Բ.-ի պաշտպանի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, բռնություն գործադրելով զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ (ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդված, 308-րդ հոդվածի 1-ին մաս և 309-րդ հոդվածի 2-րդ մաս):

Այս մասին հայտնում է Հատուկ քննչական ծառայությունը։

Պաշտպանը հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Աբովյանի բաժնի Գառնիի բաժանմունքի աշխատակիցը դուրս է եկել իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, ահազանգի հիման վրա մեկնելով բժշկական կենտրոն, խոշտանգումների է ենթարկել Մարինե Ա.-ին, ում կասկածել են Արմեն Բ.-ին մարմնական վնասվածք պատճառելու մեջ:

Նույն օրը Մարինե Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, որտեղ բերման և անձնական խուզարկության ենթարկելու արձանագրություններ կազմելիս դրանցում մտցվել են ակնհայտ կեղծ տեղեկություններ: Բացի այդ, Մարինե Ա.-ն իր բջջային հեռախոսով ձայնագրել է խոշտանգումների ժամանակ տեղի ունեցած խոսակցությունը, իսկ ոստիկանության նույն աշխատակիցը տեղեկանալով այդ մասին, հրահանգել է մեկ այլ ոստիկանի` կնոջից վերցնել հեռախոսն ու ջնջել ձայնագրությունը:

Վահագն Մ.-ն նշել է նաև, որ ՀՀ ոստիկանության Աբովյանի քննչական բաժնի աշխատակիցը, ստանալով Մարինե Ա.-ի դիմումը, ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից ապօրինություններ կատարելու մասին, այն Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու փոխարեն, ուղարկվել է ոստիկանության ներքին անվտանգության վարչություն, որտեղ դիմումին պատշաճ ընթացք չի տրվել` դրանով իսկ էական վնաս պատճառելով Մարինե Ա.-ի իրավունքներին և օրինական շահերին:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը՝ www.hra.am