Նորություններ

Նախկին ոստիկանը դատապարտվեց 15 տարվա ազատազրկման

17.11.2014

Նոյեմբերի 17-ին Երևանի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց և 15 տարվա ազատազրկման դատապարտեց նախկին ոստիկան Էդգար Վարագյանին, ով մեղադրվում է զենքի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու, գողության, արևանգման և բռնաբարության մեջ։ Դատարանը ամբաստանյալին մեղավոր ճանաչեց ՀՀ ՔՕ 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139 հոդվածի 1-ին մասով, 138-րդ հոդվածի 1-ին մասով և որոշեց հօգուտ տուժողի, որպես նյութական փոխհատուցում, բռնագանձել 3.907.296 ՀՀ դրամ։

Վճիռը հրապարակվեց առանց տուժող կողմի մասնակցության: Վճիռը ենթակա է բողոքարկման մեկամսա ժամկետում։

Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի նյութերի՝ 2013թ. սեպտեմբերի 22-ին Էդգար Վարագյանը ատրճանակի գործադրմամբ ավազակային հարձակում է կատարել Ք.Բ.-ի և նրա 13-ամյա դստեր` անչափահաս Է.Ս.-ի վրա ու հափշտակել 186.000 ՀՀ դրամ, 100 ԱՄՆ դոլար, ոսկյա զարդեր և հեռուստացույց: Դրանից հետո ոստիկանության աշխատակիցն առևանգել է նրանց, ավտոմեքենայով տեղափոխել ամայի տարածք, որտեղ բռնաբարել է Ք.Բ.-ին:

Սակայն առաջադրված մեղադրանքում Վարագյանն իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել այն մասին, որ վերը նկարագրված հանցավոր արարքների կատարման կասկածանքով ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման ենթարկվելուց հետո` 2013թ. սեպտեմբերի 24-ից 26-ն ընկած ժամանակահատվածում, հիշյալ բաժնի, ինչպես նաև՝ ՔԳՎ Կենտրոնականի քննչական բաժնի աշխատակիցների կողմից ենթարկվել է ծեծի և բռնության, որի ազդեցության տակ, վերջիններիս պահանջով, քննչական փորձարարության ընթացքում, նրանց իսկ կողմից մատնանշված վայրում մատնացույց է արել Ք.Բ.-ին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան` առանց գիտակցելու նշված քննչական գործողության նպատակն ու հետևանքները:

Բողոքի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ էր հարուցվել ՀՀ ՔՕ 309 հոդվածի երկրորդ մասով (պաշտոնեական լիազորությունների անցումը՝ զուգորդված բռնությամբ)։

Աղբյուրը՝ www.hra.am