Նորություններ

Դատախազությունը երկրորդ անգամ է վերացնում «Ա1+»–ի լրագրողի գործով ՀՔԾ որոշումը

28.11.2014

ՀՀ գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերի քննության վարչությունը որոշում է կայացրել վերացնել «Ա1+»–ի լրագրող Մարինե Խաչատրյանի մասնագիտական գործունեությունը խոչնդոտելու կապակցությամբ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության պաշտոնական կայքից։

ՀԿԳՔ վարչության որոշման համաձայն՝ Հատուկ քննչական ծառայությունը նախաքնությունն իրականացրել է դատավարական կոպիտ խախտումներով, մասնավորապես, Մարինե Խաչատրյանին տուժող չի ճանաչել, թեև առկա են եղել բավարար հիմքեր, ինչի հետևանքով նա զրկվել է տուժողի իրավունքներից օգտվելու հնարավորությունից:

Ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով և 53-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ կետով, դատախազության ՀԿԳՔ վարչությունը որոշում է կայացրել վերացնել քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին ՀՔԾ որոշումը: Քրեական գործը վերադարձվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը՝ նախաքննություն իրականացնելու համար:

Վարույթն իրականացնող մարմնին հանձնարարվել է Մարինե Խաչատրյանին քրեական գործով ճանաչել տուժող՝ պարզաբանելով տուժողի իրավունքները և պարտականությունները, այդ թվում՝ փորձագետի եզրակացության հետ համաձայն չլինելու դեպքում լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն միջնորդելու իրավունքը:

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովի մուտքի դիմաց «Հակահարված» խմբի ակցիան նկարահանող «Ա1+» հեռուստաընկերության լրագրողի նկատմամբ բռնություն էր գործադրել ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը։ Նա հարվածել էր լրագրողի ձեռքին և գետնին գցել նկարահանող սարքը: Կատարվածը դատապարտող հայտարարությամբ էին հանդես եկել լրագրողական կազմակերպությունները։

Հատուկ քննչական ծառայությունը մերժել էր քրեական գործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով: Սակայն հոկտեմբերի 7-ին ՀՀ գլխավոր դատախազությունը վերացրել էր մերժման մասին որոշումը և ՀՔԾ–ին պարտավորեցրել քրեական գործ հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) և գործն ընդունել վարույթ։

ՀՔԾ–ն այս տարվա նոյեմբերին կարճել էր քրեական գործի վարույթը՝ Կարեն Հայրապետյանի արարքում հանցակազմի բացակայության հիմքով։ «Կ.Հայրապետյանի արարքում բացակայում են Մարինե Խաչատրյանին ծեծի ենթարկելու, ինչպես նաև վերջինիս գույքը դիտավորությամբ կամ անզգուշությամբ վնասելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող՝ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 185-րդ և 186-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված հանցակազմերը»,– «Ա1+»–ի փոխանցմամբ՝ ՀՔԾ քննիչն այսպես է հիմնավորել իր որոշումը։

Դատախազությունը, փաստորեն, երկրորդ անգամ է վերացնում Մարինե Խաչատրյանի գործով ՀՔԾ մերժման որոշումը։

Աղբյուրը՝ www.hra.am