Նորություններ

Կալանավորը հաղորդել է, որ ոստիկանների կողմից խոշտանգվելու պատճառով փորձել է ինքնասպան լինել

18.12.2014

ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորի հաղորդման հիման վրա ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որն անզգուշությամբ առաջացրել է շանր հետևանքներ): Այս մասին հաղորդում է ՀՔԾ պաշտոնական կայքը։

Ըստ կալանավորի հաղորդման` 2014թ. նոյեմբերի 11-ին ոստիկանության Արմավիրի բաժին բերման ենթարկվելիս հիշյալ բաժնի աշխատակիցներն իր նկատմամբ գործադրել են բռնություն, այնուհետև ենթարկել են խոշտանգման և դաժան վերաբերմունքի, որի պատճառով ձերբակալվածներին պահելու վայրի (ՁՊՎ) խուց տեղափոխվելուց հետո փորձել է ինքնասպանություն գործել, ինչը կանխվել է ՁՊՎ-ի հերթապահի կողմից:

Կատարվում է նախաքննություն:

Դեկտեմբերի 16-ին ՀՔԾ–ն քրեական գործ էր հարուցել «Նուբարաշեն» ՔԿՀ–ի մեկ այլ կալանավորի հաղորդման վրա։ Կալանավորը հաղորդում է տվել այն մասին, որ 2014թ. նոյեմբերի 10-ին, իր վերաբերյալ գործով հերթական դատական նիստի ավարտից հետո, ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ձերբակալվածների պահման վայրի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք իր կողմից բողոք ներկայացնելը խափանելու նպատակով բռնություն են գործադրել իր նկատմամբ` հարվածելով մարմնի տարբեր մասերին:

Նախապատրաստված նյութերով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոմեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ): Կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ www.hra.am