Նորություններ

Ոստիկանները բռնություն են կիրառել զոհված զինվորների ծնողների նկատմամբ, ովքեր խաղաղ հավաք էին իրականացնում

12.02.2015

Photo by epress.am

Փետրվարի 11-ին ՀՀ նախագահի նստավայրի առջև խաղաղ հավաք էին իրականացնում բանակում զոհված զինծառայողների մի խումբ ծնողներ՝ հիշեցնելով, որ իրենց որդիների մահվան իրական հանգամանքները դեռ մնում են չբացահայտված և պահանջելով, որ նախագահ Սերժ Սարգսյանը կատարի գործերով արդար դատաքննություն ապահովելու իր խոստումը և ապատասխանի իրենց գրություններին։ Այս մասին գրում է epress.am-ը։

Տեղում ծառայություն իրականացնող ստիկաններmն ասել են, որ այդտեղ չի թույլատրվում հավաքներ կազմակերպել և պահանջել են տեղափոխվել դիմացի մայթ՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում ստիպված կլինեն հեռացնել։ Ծնողները հրաժարվել են՝ ասելով, որ չեն հեռանալու, մինչև երկու ամիս առաջ ուղարկած իրենց նամակի պատասխանը չստանան։

Ոստիկանները, շղթա կազմած, ցուցարարներին հրել են դեպի փողոց, այնուհետև ֆիզիկական ուժ գործադրելով՝ թևերից քաշելով, ոստքերից ու ձեռքերից բռնած քարշ տալով հեռացրել հակառակ մայթ։ 

2007թ.–ին դեռևս չբացահայտված հանգամանքներում սպանված զինծառայող Տիգրան Օհանջանյանի հոր՝ Սուրեն Օհանջանյանի և մոր՝ Գոհար Սարգսյանի ինքնազգաղությունը վատացել է, բարձրացել է վերջինիս ճնշումը։ Ոստիկանները շտապ օգնություն են կանչել, և տիկնոջը բժշկական օգնություն է ցույց տրվել։

Դեպքի վայր ժամանած՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի արագ արձագանքման խմբի ներկայացուցիչները ոստիկանության գործողությունները համակարգողից (ըստ ԶԼՄ–ների՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Գագիկ Հակոբյանից) հետաքրքրվել են, թե ինչու մարդիկ չեն կարող նախագահական նստավայրի մոտ խաղաղ ակցիա իրականացնել, եթե ելումուտին և բնականոն աշխատանքին չեն խանգարում` հավելելով, որ նախկինում մի քանի անգամ նույն ծնողները նմանատիպ ակցիաներ իրականացրել են։

Ոստիկանը չի հերքել, որ եղել են նման դեպքեր. «Ոստիկանությունը հաճախ զսպվածություն և հանդուրժողականություն է ցուցաբերել, ուղղակի, դա չպետք է շահարկվի, որ միշտ մարդիկ կարող են գալ ու նախագահականի մոտ ակցիա իրականացնել։ Ռեժիմային օբյեկտներ կան, որտեղ չի թույլատրվում ակցիաներ իրականացնել՝ անկախ հավաքի անցկացման ձևից՝ խախա՞ղ է, թե՞ խաղաղ չի։ Ռեժիմային օբեյկտ է, չի թույլատրվում անցկացնել։ Հատուկ, կարևորագույն պահպանվող օբյեկտ է»,– ԶԼՄ–ների հրապարակած տեսանյութում ոստիկանն այսպես է հիմնավորում իրենց գործողությունները։

Աղբյուրը՝ www.hra.am